Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայազգի աշակերտներն այցելել են Մեջլիս (լուսանկարներ)

10:59 • 16.11.17

Թուրքիայում հայազգի աշակերտներն առաջին անգամ այցելել են Անկարայում գտնվող Ազգային խորհրդարան, Ստամբուլի Դադյան հայկական վարժարանի սաները Մեջլիս են եկել հայազգի պատգամավորներից ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանից Սելինա Դողանի և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից Կարո Փայլանի ուղեկցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք հայազգի պատգամավորների ֆեյսբուքյան պաշտոնական էջերից, հայ աշակերտների մեջլիսյան այցելությունը տեղի է ունեցել հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ:

Սելինա Դողանն ընդգծել է հայ աշակերտների՝ որպես այդ երկրի քաղաքացի իրենց ունեցած իրավունքների ու քաղաքացիական ակտիվության  գիտակցության զարգացումը:

«Այս խորհրդարանը բոլորինս է: Եթե կարող ենք նրանց օրինակ ծառայել Մեջլիսում՝ շատ երջանիկ եմ», - գրել է Սելինա Դողանը՝ շեշտելով, որ ինքը նույնպես ժամանակին սովորել է Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի Դադյան հայկական վարժարանում:

Նշենք, որ Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի`կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:

Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրան զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):

Image may contain: 7 people, people smiling, people standing

Image may contain: one or more people and people standing

Image may contain: 3 people, people standing, tree, crowd, wedding and outdoor

Image may contain: 13 people, people smiling, people sitting and people standing

Image may contain: 3 people

Image may contain: 22 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: 15 people, people smiling, people sitting