Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրում նոր եկեղեցի կկառուցվի
Թուրքիայի հանրապետության հիմնադրումից (1923) ի վեր երկրում առաջին անգամ նոր եկեղեցի կկառուցվի, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Ֆրանցիսկոս պապի թույլտվությամբ Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանում գտնվող և մինչև 1950 թվականը որպես կաթոլիկ գերեզմանատուն օգտագործված 2.745 ք/մ տարածքը նվիրվել է ասորական համայնքին, որն էլ այստեղ եկեղեցի կկառուցի: Սա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրում նոր եկեղեցի է կառուցվում:
Նշվում է, որ ասորական համայնքը 200 000 դոլարի չափ գումար է նվիրաբերել եկեղեցու կառուցման համար:
Հայտնի է, որ Ստամբուլի Յեշիլքյոյի շրջանում ապրում է ավելի քան 10 000 ասորի քրիստոնյա:
Ներկայումս Թուրքիայում ապրում է մոտ 25.000 ասորի, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 17.000-ը, Ստամբուլում, մնացած հատվածը ցրված է տարբեր քաղաքներում. վերջիններս հիմնականում ապրում են Մարդինում, Դիարբեքիրում (ասորիների շրջանում հիշատակվում է որպես Ամիդա), Էլյազըղում, Ադըյամանում, Անկարայում, Իզմիրում և այլուր:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության պատգամավոր Յըլմազ Քերիմոն և Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Հալեֆը երկրի խորհրդարանում բարձրացրել են Թուրքիայի իշխանությունների կողմից ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրոնական հարցերով վարչությանը փոխանցելու հարցը:










