Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները Սիրիայի հարցով հանդիպում կունենան Սոչիում
Նոյմեբերի 22-ին Ռուսաստանում Սիրիայի հարցով գագաթնաժողով կանցկացվի Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, այս մասին տեղեկանում ենք թուրքական Anadolu գործակալությունից:
Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սոչի քաղաքում:
Նշենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացել է Էրդողանի և Պուտինի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են Թուրքիայի և ՌԴ-ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տնտեսական մի շարք համատեղ նախագծեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից:










