Դատարանը միայն այս նիստին Կարո Եղնուկյանին թույլ տվեց չմասնակցել դատական նիստին և շտապօգնություն հրավիրեց դատարան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործով նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Նիստի մեկնարկին ամբաստանյալ Կարո Եղնուկյանը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ պահանջելով իրեն թույլ տալ չներկայանալ դատական նիստերին, որովհետև այդ օրերին իր մոտ ճնշման խնդիր է առաջանում։
«ՔԿՀ-ում ինձ դեղեր են տալիս, սակայն անգամ դեղորայքն ընդունելուց և դատարան ներկայանալուց հետո իմ ճնշումը եղել է 220/110։ Սա քրեակատարողական հիմնարկում արձանագրված է։ Կա նաև բժշկական մեթոդաբանության սխալ։ Բժիշկները փորձում են վերացնել ոչ թե պատճառը, այլ հետևանքը։ Բժիշկներն առաջարկում են դեղերի դոզան ավելացնել երկու անգամ, որից ես հրաժարվում եմ, որովհետև տարիներ շարունակ առողջ մարդու օրգանիզմը դեղերով լցնելը մահվան ճանապարհ է, ինչո՞ւ տարիներով, որովհետև այս գործի քննությունը տարիներ է տևելու»,- ասաց Եղնուկյանը։
Նա ասաց,որ եթե ինքը կամովին հրաժարվում է չներկայանալ դատական նիստերին, դրանից իր իրավունքները չեն խախտվում.«Երբ սկսվի քննվել իմ վերաբերյալ մասը, իմ պաշտպանները կգան»։
Եղնուկյանի պաշտպան Հայրապետյանը ևս իր համաձայնությունը հայտնեց իր պաշտպանյալի հետ։Գործով պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ ավելին, պետք է փոխել Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը։
Պաշտպան Շուշանյանն ասաց, որ անձի առողջությունը վնասելով նրան դատարան տեղափոխելը խոշտանգման տեսակ է. «Անձը իր առողջության պահպանման համար հրաժարվում է իր իրավունքներից»։
Մեղադրող դատախազն այդ պահին առարկություն չուներ։
Դատավոր Գաբրիելյանը քննելով միջնորդությունը ասաց, որ հաշվի առնելով Եղնուկյանի առողջական վիճակն այս պահին թույլ է տալիս նրան չմասնակցել դատական նիստին։ Եղնուկյանի հարցին,թե այսինքն` հաջորդ նիստին կրկին պիտի ներկայանա՞,Արտուշ Գաբրիլյանն ասաց, որ որոշումը կայացնում է այս պահի դրությամբ։
Եղնուկյանի պաշտպանը խնդրեց այս պահին ևս շտապօգնություն հրավիրել։ Դատարան հրավիրվեց շտապօգնության ծառայություն, իսկ Եղնուկյանին թույլ տվեց միայն այս նիստին լքել նիստերի դահլիճը։










