Ջորջ Բուշ-ավագին մեղադրել են նախագահության օրոք սեռական ոտնձգություն կատարելու համար

13:53 • 17.11.17

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակչուհին հայտնել է, որ 25 տարի առաջ երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ ընդգծելով, որ այն ժամանակ Բուշ-ավագը ծառայել է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում:

Ինչպես պատմել է կինը (անունը չի նշվում-Tert.am), միջադեպը տեղի է ունեցել 1992 թվականին՝ Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում՝ Բուշ-ավագի՝ 2-րդ նախագահական քարոզարշավի միջոցառումներից մեկի ժամանակ:

Կնոջ խոսքով՝ այն ժամանակ ինքը 30 տարեկան էր: Դեպքը տեղի է ունեցել, երբ կնոջ ընտանիքի անդամներն ընդհանուր լուսանկար էին անում Բուշի-ավագի հետ. կնոջ պնդմամբ՝ նախագահն իջեցրել է ձեռքը և բռնել իր հետույքը:

Կինը մանրամասնել է, որ այդ պահին շատ մարդ կար, այդ թվում՝ առաջին դեմքերի անվտանգությունն ապահովող ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակցիները, սակայն, նրա կարծիքով, ոչ ոք չի տեսել՝ ինչ է տեղի ունեցել:

Սկզբում կինը կարծել է, որ սա պատահականություն է, սակայն Բուշ-ավագի հասցեին հնչեցված մեղադրանքներից հետո վերանայել է իր դիրքորոշումը:

Հայտնի է, որ սա ԱՄՆ-ի 41-րդ նախագահի հասցեին հնչեցված արդեն 7-րդ  նմանատիպ մեղադրանքն է: Սակայն նախորդ միջադեպերը, տուժած կանանց պնդմամբ, տեղի են ունեցել 2003-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, եր Բուշ-ավագն այլևս նախագահ չէր: