Դասղեկության գումարը 10%-ով կրճատել է ֆինանսական սղության պատճառով՝ անցած ձմռանը մեծ գումար ծախսեցինք ջեռուցման վրա. Արտաշատի թիվ 2 դպրոցի տնօրեն
Արդյոք ճի՞շտ է մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, որ Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգում են, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։
Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանի հետ:
Վերջինս նախ հրաժարվեց հեռախոսով պարզաբանում տալ, այնուհետև նշեց. «Բացեք դպրոցների կանոնադրության, ՊՈԱԿ-ների կանոնադրության մեջ գրված է, որ դպրոցի ֆինանսական միջոցները տնօրինում է դպրոցը, մարզպետարանն այստեղ ոչ մի իրավասություն չունի: Դպրոցներին տրված է որոշակի քանակությամբ գումար, և այդ գումարի սահմաններում նա է կարգավորում ծախսերը»:
Խաժակ Աղաբեկյանն այսպիսով հերքեց, որ մարզպետարանի կողմից են դպրոցների բյուջեները կրճատվել։
«Բյուջեի կրճատում չի գնացել, ուղղակի անցյալ տարի դպրոցներն ունեցել են գերածախսեր՝ վառելիքի հետ կապված, ջեռուցման սեզոնի հետ կապված։ Հիմա իրենց բյուջեներում սղություն կա, դրա համար իրենք են որոշում՝ ինչ ձևով այդ ճեղքը փակել»,-ասաց Աղաբեկյանը։
Թե հատկապես որ դպրոցներին է վերաբերում կրճատման խնդիրը, Աղաբեկյանն առաջարկեց ինքնուրույն պարզել հենց դպրոցներից:
Tert.am-ը կապ հաստատեց Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի հետ (քանի որ ամենից շատ դժգոհությունները, ըստ մամուլի հրապարկման, հենց Արտաշատի դպրոցներից են): Վերջինս հաստատեց, որ դպրոցի բյուջեն կրճատվել է՝ մասնավորապես դասղեկներին տրվող հավելավճարների կրճատման հաշվին, բայց հերքեց, որ դա արվել է մարզպետարանի միջամտությամբ:
«Անցյալ տարի, քանի որ ձմեռը շատ ցուրտ էր, մենք շատ մեծ գումար ծախսեցինք ջեռուցման վրա, այսինքն՝ նախատեսածից առավել ծախսեցինք ու արդեն սեպտեմբեր ամսին, դե հավելավճարը դպրոցն է որոշում՝ ինչքան տալ, այդ ֆինանսական սղության պատճառով համաձայնության եկանք, որ 10 տոկոս դասղեկության գումարը իջեցվի։ Այդպես այդ քայլին դիմեցինք, որպեսզի կարողանանք արդեն այս ջեռուցման սեզոնին գումար ունենալ նորմալ ջեռուցելու համար»,-ասաց նա։
Tert.am-ի դիտարկմանը, թե որքան գումարի կրճատման մասին է խոսքը, Նիկողոսյանը նշեց. «Մոտավորապես մի 7-8 հազար դրամի չափով՝ կապված ուսուցչի դրույքաչափից»:
Իսկ թե որքա՞ն էր կազմում մինչև կրճատումը դասղեկության գումարը, դպրոցի տնօրենը կոնկրետ թիվ չնշեց՝ ասելով, որ իրենց դպրոցում տրվող գումարը նախկինում էլ բարձր չի եղել:
Tert.am-ի հարցին, թե դպրոցի դասղեկներից դժգոհություններ չկա՞ն, Նիկողոսյանը նշեց. «Դժգոհություն, բողոքներ չեն եղել, իրենք ըմբռնումով են մոտեցել: Մենք միասին խորհրդակցություն ենք արել, ներկայացրել եմ հարցը, որ այս վիճակն է, իրենք ըմբռնումով են մոտեցել: Տա Աստված, որ հունվարի կարգավորվի, մեր գումարը ավելանա, նորից կարողանանք ավելացնել»,-եզրափակեց տնօրենը:
Նշենք, որ Tert.am-ին Արտաշատ քաղաքի մի քանի այլ դպրոցների հետ կապ հաստատել չհաջողվեց:










