Գերմանիան հուսով է, որ Լուկաշենկոն կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

17:18 • 17.11.17

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը դրական ազդանշան կլինի: Այդ մասին Մինսկում հայտարարել է Գերմանիայի դաշնային արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի  նախաշեմին ենք: Մենք մեծ հույս ունենք, որ Բելառուսի նախագահը կկարողանա ժամանել գագաթնաժողովին, դա կլինի դրական ազդանշան»,- ասել է Գաբրիելը լրագրողներին:


Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնյան հայտնել էր լրատվամիջոցին, որ Եվրամիությունը Լուկաշենկոյին գագաթնաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր էր ուղարկել: Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտարարել է հոկտեմբերին, որ դեռ քննարկվում է, թե ինչ մակարդակով ԵՄ նախաձեռնության գագաթնաժողովին ներկա կլինի Մինսկի պատվիրակությունը:


Նոյեմբերին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հաստատել է, որ բելառուսական պատվիրակությունը մասնակցելու է գագաթնաժողովին:


Նշենք, որ Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 24-ին: