87 տարեկանում մահացել է 150 մարդու սպանության մեջ կասկածվող իտալական մաֆիայի «պարագլուխների պարագլուխ» Տոտո Ռիինան

13:16 • 17.11.17

87 տարեկան հասակում մահացել է իտալական մաֆիայի «պարագլուխների պարագլուխ» Սալվատորե Տոտո Ռիինան, ով կազմակերպել էր Կոզա Նոստրայի դեմ հետաքննություն անցկացնող իտալացի դատախազների և իրավապահների սպանությունները: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:


Ռիինան մահացել է քաղցկեղից հիվանդանոցում մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ երկրի արդարադատության նախարարը թույլ է տվել նրա ընտանիքի անդամներին տեսակցել իրեն հինգշաբթի՝ նրա ծննդյան օրը: Ավելի վաղ բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին մտցրել: Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա առողջական վիճակը վատթարացել էր տարած երկու վիրահատությունից հետո:


Ռիինան, ով Սիցիլիայի մաֆիայի ամենաազդեցիկ պարագլուխներից էր, դատապարտված էր  ցմահ ազատազրկման 26 ժամկետով: Ենթադրվում է, որ նա պատվիրել է ավելի քան 150 մարդու սպանություն: Ռիինան ձերբակալվել էր Պալերմոյում 1993 թվականին և կալանավայրում գտնվում էր խիստ հսկողության ռեժիմում:


Ռիինան մեղադրվել էր մի քանի տարիների ընթացքում Կոզա Նոստրայի բացահայտման ուղղությամբ գործող իտալացի դատախազների, ոստիկանության պաշտոնյաների և այլոց սպանությունների կազմակերպման համար: Այդ ընթացքում նրան էր պատկանում այսպես կոչված «պարագլուխների պարագլուխ» տիտղոսը: