ՌԴ Մարի Էլ հանրապետությունում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 15 մարդ է զոհվել (լուսանկարներ)

10:03 • 17.11.17

Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ հանրապետության Կիլեմարսկի շրջանում իրար են բախվել ուղևորատար միկրոավտոբուսը և բեռնատարը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 15 մարդ, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբում իր աղբյուրին: Աղբյուրի խոսքերով՝ ևս մի քանի մարդ հոսպիտալացվել է:


Միկրոավտոբուսը Յոշկար-Օլայից ուղևորվում էր Յուրինո բնակավայր: Ոստիկանությունում կարծում են, որ պատահարի պատճառը կարող էին լինել եղանակային վատ պայմանները: Հանրապետությունում ողջ օրն ուժեղ ձյուն էր տեղացել:


Մարի Էլի նահանգապետ Ալեքսանդր Եվստիֆեևի խոսքերով՝ միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ վազանցման համար, բայց չի հասցրել հետ վերադառնալ և բախվել է բեռնատարին:


Վթարի հետևանքով հարուցվել է քրեական գործ: