ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրել Թուրքիայից զորավարժանքներից թուրք զինվորականներին հետ կանչելուց հետո

17:54 • 17.11.17

Նորվեգիայում ՆԱՏՕ-ի համատեղ ռազմական կենտրոնի հրամանատարությունը նամակ է ուղարկել Անկարային, որտեղ ներողություն է խնդրել երկրից այն բանից հետո, երբ Թուրքիան որոշել է հետ կանչել իր 40 զինծառայողներին Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքներից՝ «հակառակորդների» լուսանկարներով ստենդի պատճառով: Նշենք, որ «հակառակորդների» ստենդի վրա եղել են նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ զորավարժանքների կազմակերպիչները տեղադրել են «թշնամիների» պատկերներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթուրքը և ինքը՝ Էրդողանը: Էրդողանի խոսքերով՝ իրեն այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը: Վերջինս նշել է նաև, որ որոշում է կայացրել հետ կանչել ՆԱՏՕ-ի զորավարժանքներին մասնակցող 40 թուրք զինվորականներին: Թուրքիայի ղեկավարությունը պաշտպանել է այդ որոշումը:


Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, նորվեգական բանակի զինծառայողը, ով ներկայացրել է Թուրքիայի նախագահին որպես ՆԱՏՕ-ի թշնամիների աջակից, հեռացվել է զինված ուժերի շարքերից:


NTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թուրքիայից այդ միջադեպի համար ներողություն է խնդրել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: