«Չեմ հիշում՝ ինչ փաստաթղթեր եմ ներկայացրել ԿԸՀ». Դդմասարի համայնքապետն 8-ամյա կրթություն ունի և 13 տարի է՝ ղեկավարում է համայնքը
Արագածոտնի մարզի Դդմասար համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանը 8-ամյա կրթություն ունի և արդեն 13 տարի է՝ ղեկավարում է համայնքը: Tert.am-ի հետ զրույցում համայնքապետը հաստատեց, որ 8-ամյա կրթություն ունի և 3 անգամ ընտրվել է համայնքի ղեկավար:
Հարցին, թե ինչ փաստաթղթեր է ներկայացրել, որ հաստատվել է Կենտրոնական ընտրական հանձաժողովի կողմից, Ռաշիդ Օսեյանն ասաց. «Էնքան շատ ժամանակ է անցել, չեմ հիշում»:
Դիտարկմանը, թե 2002-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավար լինելու համար առնվազն միջնակարգ կրթություն է անհրաժեշտ, Օսեյանն ասաց. «Որ այդպես է դիմում կտամ, ազատեք, որ Ձեր ասածով է: Ի՞նչ պետք է անենք, որ ժողովուրդն է ընտրել, ի՞նչ անենք, ի՞նչ կարանք ասենք, որ ժողովուրդն է ընտրել»:
Դիտարկմանը, թե Դուք առաջադրվել եք, Ձեր փաստաթղթերն ընդունել են, որ ընտրվել եք, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվել, Օսեյանն ասաց, որ չի հիշում, երկար ժամանակ է անցել. «Արդեն քանի տարի է անցել, չեմ հիշում, վերջին անգամ երևի 4 տարի առաջ եմ ընտրվել»:
Հարցի պարզաբանման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Tert.am-ին հայտնեցին գրավոր հարցում ուղարկել:
Հղում անելով 2002 թվականին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածին, ԿԸՀ գրավոր հարցում է ուղարկվել: Նշված օրենքը փոփոխության ենթարկվել է, բայց մինչ սահմանադրական փոփոխությունները 24-րդ հոդվածը փոփոխության չի ենթարկվել:
Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է. «Համայնքի ղեկավարը պետք է ունենա միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն: Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ»:










