Վախով ենք քնում, որ հանկարծ շենքը փուլ չգա. ՏԷՑ-ի հանրակացարանի բնակիչներ (տեսանյութ)

20:34 • 17.11.17

Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները (հայտնի է որպես ՏԷՑ-ի հանրակացարան) ապրում են, իրենց խոսքով՝ անմարդկային պայմաններում: 1958-ին կառուցված հանրակացարանային շենքում ապրում է մոտ 75 ընտանիք (շուրջ 250 բնակիչ), որոնցից 13-ը փախստականներ են: Tert.am-ի հետ զրույցում շենքի բնակիչները նշեցին, որ 2016 թվականի հունվարից շենքը 4-րդ կարգի վթարային է ճանաչվել:

Շենքի մուտքից սկսած նկատելի է անմխիթար վիճակը՝ պատերը կիսափուլ են, անձրևաջրերը լցվում են բնակարանների սենյակներ, բնակիչներին հատկապես անհանգստացնում է խոնավությունից էլեկտրական հոսանքի բռնկման վտանգը: 2007-ին հենց այդ պատճառով հրդեհ է բռնկվել:

Օրեր առաջ էլ փլուզվել է չորրորդ հարկի պատշգամբը, որտեղ այդ պահին գտնվել է շենքի բնակիչներից 3 տարեկան երեխան, սակայն չի տուժել:


«Քաղաքապետարանից էլ եկան, ԱԻՆ-ից էլ եկան ու գրանցեցին, որ շենքը խիստ վթարային է և բնակելի չէ, ասացին՝ դուք ո՞նց եք ապրում այստեղ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչ Մետաքսյա Սիմոնյանը: Նա նշեց, որ բազմաթիվ անգամ դիմել են տարբեր ատյանների՝ քաղաքապետարանից սկսած, բայց որևէ արձագանք չկա:

Շենքի նկուղում ջուր է հավաքված, որը 2005թ. բնակիչները սեփական ուժերով փորձել են մաքրել, իսկ մինչ օրս այլ միջամտություն չի եղել, ջուրը շարունակում է լցվել բնակարանները՝ ինչի հետևանքով բնակարանները մշտապես խոնավ են:

«Իմ տունն էլ է այս վիճակում, իմ տանն արդեն սնկեր են աճում , չորրորդ հարկի խոնավությունը հասել է երրորդ հարկ: Պատճառաբանություն չկա , բոլոր ատյաններին դիմել ենք»,-ասաց բնակիչը:

«Ես 20 տարի է արդեն՝ այստեղ եմ ապրում, աստիճանները լրիվ փշրված են , ներքևը պատը փլվեց, թափվեց անցած տարի, ապրում ենք վախով ենք, վախով ենք քնում, որ հանկարծ շենքը փուլ չգա, մարդիկ չտուժեն»,-ասաց հանրակացարանի մեկ այլ՝ երրորդ հարկի բնակիչ Լիդա Եփրեմյանը:

«Ցեխաջուրը քնածս տեղը թափվեց վրաս, մի շաբաթ առաջ էլ աղջկաս վրա ընկավ քարը: Լրիվ ջուր էր, այստեղ թասեր ենք դնում,որ ջուր չլցվի»,-ասաց բնակիչներից մյուսը, ով ապրում է աղջկա ու երեք դպրոցահասակ թոռնիկների հետ:

Հանրակացարանի ներկայիս լիազոր Մարիետա Հովհաննիսյանը, ով 1991-թվականից այս հասցեում է բնակվում, նշեց, որ բոլոր պատկան մարմինները տեղյակ են շենքի վթարայնության խնդրից:

«Քաղաքապետարանն ասում է, որ ինքը պատրաստ է վերաբնակեցնել, բայց քանի որ մեր շենքի նախկին լիազոր Հարություն Հարոյանը կատարել է ապօրինի սեփականաշնորհումներ որոշ բնակիչների բնակարանների վրա, մենք չենք ուզում առանց իրենց վերաբնակվել։ Թե չէ ասում են՝ հիմա էլ կարող են գալ, վերաբնակեցնել, բայց ապօրինի բնակիչները մեզ հետ կվերաբնակեցվեն»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ շենքի բնակիչներով պայքարում են, որ կեղծ սեփականատերերն իրենց հետ չվերաբնակեցվեն, այլ տեղափոխվեն փաստացի ապրողները:

«Հիմա մեր բողոքը Վերաքննիչ դատարանում է, և անընդհատ դատերը հետաձգում են։ Մենք դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, բոլոր ատյաններին, որ մինչև նոյեմբերի 25-ը ավարտեն դատավարությունները, քանի որ 2018-ի հունվարի 31-ին էլ ունենք դատավարություն: Դատարանն է խոչընդոտ հանդիսանում վերաբնակեցման համար, դատարանի որոշումից է կախված բնակիչների ճակատագիրը»,-ասաց շենքի լիազորը:

Հանրակացարանի բնակիչները խմելու ջրից ևս զուրկ են, ստիպված են շենքի բակի ցայտաղբյուրից դույլերով ջուր կրել տարվա բոլոր եղանակներին: Վերաբնակեցումը բնակիչների համար ամենասպասված լուծումն է, սակայն գործընթացն անընդհատ հետաձգվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։