Վանում հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական զուգարանը կապամոնտաժվի

13:59 • 17.11.17

Վանում հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական զուգարանը մոտ ժամանակները կապամոնտաժվի, այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Քուրթուլմուշն այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանում կայացած նիստերից մեկի ժամանակ՝ ի պատասխան Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հարցմանն առ այն, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ:

Թուրք նախարարը շեշտել է, որ ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն առաջիկա 60 օրվա ընթացքում:

«Համապատասխան որոշումն ընդունված է, մենք հետևողական կլինենք այս թեմայի հարցում»,- ասել է Քուրթուլմուշը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մոտ տեղական իշխանությունները լողափի այցելուների համար նախատեսված հանդերձարանն ու հանրային զուգարանը կառուցել են հենց հայկական գերեզմանատան տարածքում: 

Նշվում է, որ շինարարական աշխատանքների հետևանքով քանդված հայկական գերեզմաններում եղած ոսկորները տարածվել են լճափին:

Հայտնի է նաև, որ բուլդոզերներն այդտեղից դուրս են բերել ուրարտական շրջանի գերեզմանաքար: