Ինչպես գաղափարը վերածել բիզնես ծրագրի. International Dilijan Summit-ի նպատակը երիտասարդների գաղափարներին աջակցելն է
Նոյեմբերի 18–ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում United Youth union/Համախմբված երիտասարդների միությունը և ԿԲ–ն համատեղ առաջին անգամ Հայաստանում անցկացրեցին International Dilijan Summit–ը, որին մասնակցելու համար հայտագրվել էին 600–ից ավելի մասնակիցներ, որոնցից ընտրվել են 200–ը։
Մասնակիցները տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ են, ինչպես աշակերտներ և ուսանողներ, այնպես էլ աշխատաշուկայում արդեն զբաղվածություն ունեցող մարդիկ։
Մասնակիցները նշեցին, որ նման միջոցառումները մոտիվացնում են իրենց և շփումն արդեն իսկ հաջողության հասած մարդկանց հետ օգնում է չվախենալ սխալվելուց և վստահ լինել սեփական ուժերի վրա։ Նրանք հույս հայտնեցին, որ միջոցառումը վերջինը չի լինի և կլինի շարունակական։
Tert.am-ի հետ զրույցում International Dilijan summit-ի նախագահ Աննա Լալայանը նշեց, որ այս միջոցառման նպատակը երիտասարդների գաղափարներին աջակցելն է, ինչպես նաև գաղափարից բիզնես ծրագիր ստանալու ճանապարհներ հուշելը։
«Համախմբված երիտասարդների միությունը բազմաթիվ ֆորումներ է անցկացրել, բայց սա իր տեսակով առաջինն է, քանի որ կազմակերպիչները հենց երիտասարդներն են»,–ասաց Աննա Լալայանը։
Համաժողովի ընթացքում հանդես եկան տարբեր ոլորտներում արդեն հաջողություններ ունեցած ինչպես հայ, այնպես էլ ՀՀ–ում գործունեություն ծավալող օտարազգի բանախոսներ` ՏՏ ոլորտից մինչև երաժշտական բնագավառ։ Նրանք իրենց անձնական օրինակներով ներկայացրեցին, թե ինչ պետք է անել ստարտափերից բիզնես ստանալու և հաջողություն ունենալու համար։ Բանախոսներից մեկն էլ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էր։
Միջոցառման ընթացքում մասնակիցները բաժանվեցին մի քանի աշխատանքային խմբերի և քննարկումների արդյունքում յուրաքանչյուրն առաջարկեց ստարտափի իր ծրագիրը, այնուհետև դա ներկայացվեց ժյուրիին։
Լավագույն ստարտափը ներկայացրած խմբի անդամները մի մասը հնարավորություն ստացավ պրակտիկա անցնել Կենտրոնական բանկում, մյուս մասը` Ucom ընկերությունում։

















