Մոսկվայում Սարյանի տան հուշատախտակի գրությունը չի նշանակում, որ դրանով սեփականաշնորհում են նրա կենսագրությունն ու ժառանգությունը. Սամվել Սևադա

23:01 • 18.11.17

Հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան չի կարծում, որ Մոսկվայի Կարմանիցկի նրբանցքի 2/5 հասցեում բացված Մարտիրոս Սարյանի հուշատախտակին գրելով, որ նա 1937-1970 թթ-ին այս տանն ապրել ու ստեղծագործել է, դրանով սեփականաշնորհում են հայ անվանի նկարչի կենսագրությունն ու ժառանգությունը:   

«Անկեղծ ասած չեմ կարծում, որ դրա մեջ վատ բան կա, ինքը Սարյան է, Այվազովսկի չի, որ ասենք սեփականաշնորհել են՝ Իվան Այվազովսկի են դարձրել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ հայտնի է, որ հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը 1929թ-ից մինչև կյանքի վերջ ապրել է Երևանում:

«Կարող է բնակվել է այդ տանը, իրեն հատկացրել են, որովհետև ինքը նաև Գերագույն սովետի դեպուտատ էր Հայաստանի կողմից, մի տեղ պետք է ունենար  ապրելու համար»,-հավելեց նա:

Սամվել Սևադան, բացի այդ, նշեց, թե ինքը տեղյակ է, որ Տրետյակովյան պատկերասրահում նախապատրաստում են Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը: «Ինչքան տեղյակ եմ, շատ մեծ շուքով են պատրաստում, հատուկ դահլիճները վերանորոգում են, որ ցուցահանդեսը բացեն, որը շատ լավ է և այդ հանգամանքը իմ դուրը եկել է»,-ասաց նա:

Սամվել Սևադան նշեց, թե հայ մեծ գեղանկարչի տուն-թանգարանը կա Երևանում, և  ինչքան էլ ցանկանան՝ չեն կարող համոզել, որ նա սովետական մշակույթի կրող է:

«Այդ ցուցանակը ոչինչ չի նշանակում, իհարկե հաճելի է, որ տեղադրում են և հետո ինչ-որ ժամանակ ապրել է չէ՞ վերջիվերջո, և իրենք ցույց են տալիս, որ այս նշանավոր մարդն այստեղ ապրել է, ժամանակ է անցկացրել, բայց որ գրել են ապրել է, ստեղծագործել, դե գրել՝ գրել են, ի՞նչ կա դրա մեջ, դա սեփականաշնորհման որևէ վտանգ չի կարող սպառնալ: