Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա. մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է. Shamshyan.com (տեսանյութ)

14:25 • 19.11.17

Արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակի հատվածում երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վաղ առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։

«Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։

Ոստիկանության մի խումբը մեկնում է «Շենգավիթ» մետրոյի հատված, որտեղ էլ սկսում են ահազանգի իրականությունը ճշտել։

Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում, այս անգամ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից, ու հիմա Ոստիկանությունը պարզում է` արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես երթևեկությունը Մետրոպոլիտենի նշված հատվածում դադարեցվել է»,– հայտնում է կայքը։

Tert.am-ի թղթակիցը Երևանի Մետրոպոլիտենի «Բարեկամություն»կայարանից հաղորդում է, որ այժմ վիճաբանություն է սկսվել ուղևորների և մետրոյի աշխատակիցների միջև: Քաղաքացիները գնել են մետրոյի տոմսը, բայց քանի որ այն այժմ մեկ ուղղությամբ է աշխատում, իրենց գումարներն են հետ պահանջում: Իսկ մետրոյի աշխատակիցներն էլ հայտարարում են, որ այս պահին չեն կարող գումար վերադարձնել, պետք է դիմել մետրոպոլիտենի ղեկավարությանը։