Սաակաշվիլիի աջակիցներն անվադողեր են այրել Պորոշենկոյի նստավայրի մոտ (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազատագրական շարժման» ակտիվիստներն այս գիշեր անվադողեր են այրել նախագահական նստավայրի մոտ: Այդ մասին շարժումը հայտնել է Facebook-ի իր էջում, հաղորդում է strana.ua-ն:
Սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ մոտենում սպիտակ միկրոավտոբուսի և փորձում այն շրջել: Նրանց տեղեկություններով՝ ատոմեքենան հետևում էր նրանց Պյոտր Պորոշենկոյի առանձնատնից:
Ավելի վաղ ակտիվիստները գնացել էին երկրի նախագահի առանձնատան մոտ, որպեսզի իմանային, թե որտեղ է «Դոնբաս» բատալյոնի կամավորական Վանո Նադիրաձեն:
Սաակաշվիլին շաբաթ հայտարարել էր, որ հնարավոր է՝ նրան առևանգել են ուկրաինական հատուկ ծառայությունները:
Կիևում բողոքի ակցիաների ալիքը սկսվել է հոկտեմբերի 17-ին Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից: Ցուցարարները պահանջում են երկրի իշխանություններից պատգամավորական անձեռնմխելիության վերացում, ընտրական օրենսդրության փոփոխություն, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի ստեղծում: Բացի այդ Սաակաշվիլին կոչ է արել Պորոշենկոյին հրաժարական տալ:










