«Իգլա»-ի պատվիրատուն Սամվել Բաբայանը չէ. Բաբայանի պաշտպան (տեսանյութ)

14:21 • 20.11.17

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նախորդ նիստին դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց Բաբայանի մեղադրական ճառը,համաձայն որի՝ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա դրդել է մի խումբ անձանց փոխադրել և պահել այդ զենքը։ Բաբայանը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով կեղծ թղթադրամներ ձեռք բերելու մեջ:

Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը, ով երկու դրվագով էլ արդարացում պահանջեց Սամվել Բաբայանի համար:

«Ըստ մեղադրանքի` իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանը դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել և դրա համար վճարելու է 50 000 դոլար, չի հաստատվել: Այսինքն` մեղսագրված արարքի վկայագրված հատկանիշների առկայությունը որևէ փաստական տվյալով հիմնավորված չէ: Նշված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, մեղադրանքում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից, հաստատված չեն գործով ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բավարար ապացույցներով»,-ասաց Քալաշյանը:

Նրա խոսքով՝ Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, և զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել.«Զենքի պատվիրատուն Սամվել Բաբայանը չէ»:

Պաշտպանի խոսքով` Սամվել Բաբայանը խորհուրդ է տվել միայն զենքի հատկանիշների վերաբերյալ, իսկ դա չի ենթադրում, որ նա փորձել է զենք ձեռք բերել:

«Եթե զենքի պատվիրատուն Բաբայանն է, եթե նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանը ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, հատկապես այն պարագայում, որ Գաբրիելյանը նյութապես շահագրգռված է եղել»,-հարցադրում արեց պաշտպանը` այդ դրվագով արդարացում պահանջելով Սամվել Բաբայանի համար:

Այնուհետև պաշտպանն անցավ փողերի լվացման մեղադրանքին, և ասաց, որ այդ մեղադրանքը նույնպես անհիմն է, և ըստ հերթականության ներկայացրեց մեղադրանքի անհիմն, չփաստարկված ու չապացուցված լինելը:

Նշենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազը յուրաքանչյուր դրվագի համար պահանջել է չորս-ական տարվա ազատազրկում, իսկ վերջնական պատիժ պահանջել 7 տարի ազատազրկումը:

Սամվել Բաբայանը վերջին խոսքով հանդես կգա հաջորդ նիստին.«Ես ասելիք ունեմ, սակայն ձայնս կտրված է և կխոսեմ հաջորդ նիստին»: