Բագրատաշենում սահմանապահին դանակի մի քանի հարված են հասցրել. հարուցվել է քրեական գործ

13:09 • 20.11.17

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում գրանցված միջադեպի ընթացքում սահմանապահին դանակահարելու փաստի  առթիվ քրեական գործ է հարուցվել։

Այս մասին Tert.am-ի՝ միջադեպին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Դատախազությունից հայտնեցին, որ ըստ նախնական տվյալների` սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Կ.Շ.-ն մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել սահմանապահի մարմնի տարբեր մասերին։

«Բագրատաշենի անցակետում վիճաբանության ժամանակ սահմանապահին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»,-ասաց Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ Aravot.am-ը հաղորդել էր, որ Բագրատաշեն գյուղի բնակիչ 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն եղբայրները հրաժարվել են դա անել՝ ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են, ինչից հետո վեճ է բռնկվել։

Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին, որն էլ դանակով հարվածել է սահմանապահին, ինչից հետո ինքնասպանության փորձ է կատարել։