Սա ոչ թե կայունացնող է, այլ գոյատևման և սոցիալական խնդիրներն ավելի խորացնող բյուջե է. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Tert.am-ը ԱԺ «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ զրուցել է 2018 թվականի պետական բյուջեի մասին: Նա տեղեկացրեց, որ ԵԼՔ-ը մոտ 12 առաջարկ է ներկայացրել՝ ճանապարհ ցույց տալով խնդիրների լուծման համար: Գորգիսյանն այս բյուջեում կայունացնող որևէ բան չի տեսնում. փոխարենն արձանագրում է, որ մեր բնակչության բոլոր շերտերի գնողունակությունը մի քանի տոկոսով ընկնելու է: Պատգամավորը շեշտում է՝ սա ոչ թե կայունացնող է, այլ գոյատևման և սոցիալական խնդիրներն ավելի խորացնող բյուջե է:
- Պարո՛ն Գորգիսյան, 2018 թվականի պետական բյուջեն քննարկվեց ԱԺ լիագումար նիստում: ԵԼՔ-ը բյուջեի հետ կապված ի՞նչ առաջարկներ է ներկայացրել:
- Մենք ներկայացրել ենք մոտ 12 առաջարկ: Օրինակ՝ առաջարկել ենք, որ ոստիկանական բյուջեից խնայում լինի և այն օգտագործվի ռազմական ոլորտում, բանակի կարիքների համար: Լինի կրթության ոլորտի ֆինանսավորում՝ ի հաշիվ ՊԵԿ-ի պարգևավճարների, սոցիալական որոշ փաթեթների ավելացում, ինչպես նաև առաջարկել ենք, որ ինժեներական լաբորատորիներին տրամադրվող գումարներն ավելացվեն: Վանաձորին վերաբերող որոշ խնդիրներ էլ բարձրացրել է Էդմոն Մարուքյանը` Վանաձորի խնդիրները լուծելու համար:
- Իշխանության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ եթե ընդդիմադիրները լուրջ դժգոհություններ ունեն 2018 թվականի բյուջեի հետ կապված, ապա թող այլընտրանքային բյուջե ներկայացնեն: Ինչո՞ւ չգնացիք այդ ճանապարհով:
- Բյուջե կազմելը, ներկայացնելը լուրջ ներդրումներ է պահանջում` մտավոր ռեսուրսների և այլն, և այլն: Այս ամեն իմաստ կունենար անել, եթե մենք հակառակ կողմում ադեկվատ իշխանություն ունենայինք, որը պատրաստ է նստել, քննարկել: Բայց մենք բյուջեի քննարկումից մի քանի շաբաթ առաջ տեսանք, թե ինչ սվիններով ընդունեցին մեր առաջարկները, նույնիսկ հարցադրումները՝ կապված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հետ: Միշտ հեշտ է սեփական թերությունները կոծկելու համար ասել, թե դուք նստեք ու ավելի լավը կազմեք: Դուք Կառավարություն եք, պարոնա՛յք, դուք պարտավոր եք ամենալավը կազմել: Մենք հիմա կարող ենք ձեր կազմածի թերությունները վեր հանել, ինչն էլ մենք արեցինք ու շարունակելու ենք անել: Մենք կարող էինք նաև բյուջեի մեր տարբերակը ներկայացնել, եթե լիներ որևէ նշույլ, որ հակառակ կողմն ադեկվատ է տրամադրված և պատրաստ է քննարկումների:
-Ձեր խոսքում մի քանի անգամ շեշտեցիք հակառակ կողմի ոչ ադեկվատ լինելու հանգամանքը, եթե այդ համոզմունքը կար, ինչո՞ւ եք առաջարկներ ներկայացրել:
- Մեր առաջարկները բարձրաձայնում են երկրում առկա խնդիրները և իշխանություններին հնարավորություն են տալիս, քանի որ ցույց է տրվում խնդիրների լուծման ճանապարհը: Հիմա կընդունեն` ավելի լավ, չեն ընդունի, ապա երբ մենք գանք իշխանության, կգնանք այդ ճանապարհով:
-Կառավարության ներկայացուցիչները բաց հայտարարում են, որ իրենք կցանկանային ավելի լավ կատարել սոցիալական պարտականությունները, սակայն բյուջեում այդքան գումար չկա: Զուգահեռ ասում են, որ 2018 թ.-ի բյուջեն կայունացնող է, Դուք այդ կայունացման հիմքը տեսնո՞ւմ եք:
- Սա ոչ թե կայունացնող է, այլ գոյատևման և սոցիալական խնդիրներն ավելի խորացնող բյուջե է: Տարրական բան՝ այս տարվա բյուջեով նախատեսված էր 1.8 տոկոս գնաճ, եկող տարի գնաճը կկազմի 4 տոկոս, բայց զուգահեռ ավելացում չկա նպաստների, թոշակների, պետական աշխատողների աշխատավարձերի մեջ: Սրան գումարած` կա տարբեր ոլորտներում հարկերի բարձրացում: Նաև 2018 թվականին սկսելու է գործել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչը: Մեկ խոսքով ասած՝ մեր բնակչության բոլոր շերտերի գնողունակությունը մի քանի տոկոսով ընկնելու է: Այս ամենի համախմբում որակել որպես կայունացման բյուջե՝ անհեթեթություն է: Ինչ վերաբերում է բյուջեում գումար չլինելուն` ասեմ, որ բյուջեն լցնող հիմնական աղբյուրները կոռուպցիոն ձևերով այլ տեղեր են գնում: Մենք խոսել ենք Մոնումենտի շրջակայքում գտնվող գերթանկարժեք տների մասին, սրանք բոլորը հենց կոռուպցիոն միջոցներով ձեռք բերված են: Եթե կոռուպցիոն ճանապարհները փակվեն, ապա շատ լուրջ հոսք կունենանք բյուջե, իսկ հիմա ամեն բան գնում է դեպի կոռուպցիա:
- 2018 թվականին պետական բյուջեն, բացի Ձեր խմբակցությունից, քննադատեց նաև «Ծառուկյան» խմբակցությունը: Հնարավո՞ր է` հետագայում միավորվեք, որպեսզի ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ լինի:
- Հետագայում շատ լուրջ քաղաքական պրոցեսներ են սպասվում, ու ժամանակը ցույց կտա: Բայց բոլոր այն նախագծերի, մտքերի, գաղափարների շուրջ, որոնցում կարողացել ենք գալ համատեղ եզրահանգման, մենք համագործակցել ենք, այդպիսի տարբեր փորձեր մենք ունենք մեր ՝ խորհրդարանական գործունեության ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում:










