Ինչպես գաղափարը վերածել բիզնես ծրագրի. Դիլիջանում տեղի ունեցավ International Dilijan Summit-ը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին (տեսանյութ, լուսանկարներ)
Նոյեմբերի 18-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Համախմբված երիտասարդների միությունը (United Youth Union) և ԿԲ-ն համատեղ առաջին անգամ Հայաստանում անցկացրին International Dilijan Summit-ը:
Միջոցառմանը մասնակցելու համար հայտագրվել էին 600-ից ավելի մասնակիցներ, որոնցից ընտրվել են 200-ը՝ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ՝ ինչպես աշակերտներ, ուսանողներ, այնպես էլ աշխատաշուկայում արդեն զբաղվածություն ունեցող մարդիկ:
Tert.am-ի հետ զրույցում International Dilijan Summit-ի նախագահ Աննա Լալայանը նշեց, որ այս միջոցառումն իր տեսակով տարբերվում է։
«Նման ձևաչափով ֆորումներ շատ են եղել Հայաստանում, բայց սա առաջինն է, որ կազմակերպվում է հենց երիտասարդների կողմից ու հենց երիտասարդների համար: Նպատակն այն է, որ բոլոր այն երեխաները, որոնք շատ մոտիվացված են և ուզում են իրենց բիզնեսն ունենալ ապագայում, կարողանան քայլեր անել դեպի իրենց նպատակները»,-ասաց Աննա Լալայանը:
ՏՏ ոլորտից մինչև երաժշտական բնագավառ՝ տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մարդիկ ֆորումի մասնակիցներին պատմեցին սեփական փորձի, ունեցած դժվարությունների մասին ու հուշեցին հաջողության հասնելու ճանապարհը և թե ինչպես գաղափարը վերածել բիզնես ծրագրի ու դառնալ հաջողված ստարտափի հեղինակ:
Նրանցից մեկը՝ ծնունդով Եգիպտոսից, երկար ժամանակ Իտալիայում աշխատած ու վերջին 3 տարում Հայաստանում ապրող ու աշխատող Մահմուդ Սաադն է: Աշխատում է հյուրանոցային ցանցում որպես գլխավոր մենեջեր, առաջին քայլերը սկսել է ընդունարանից: Հաջողության գաղտնիքը, ըստ նրա, սեփական ուժերին վստահելն է:
«Միանշանակ, պետք է սիրես, վստահես ու հավատաս ինքդ քեզ: Մի՛ մտածիր, որ դա անհնար է, ես դա չեմ կարող անել: Ոչինչ անհնարին չէ: Դու ես ստեղծում քեզ, մարտահրավերներ ես նետում, և ես էլ ստեղծել եմ ինքս ինձ՝ քայլ առ քայլ դառնալով ավելի փորձառու, ես աճել եմ»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց Սաադը:
Ֆորումի բանախոսներից էր նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Նա վստահ էր՝ նորարարական գաղափարների շատ հեղինակներ կբացահայտվեն։
«Մեր ընկերությունը եղել է ստարտափ, որը ձևավորվել է հենց նման մտքերից, և այսօր կարծես թե ես տասը տարի հետ գնացած լինեմ և այդ իրականության մեջ լինեմ։ Վստահ եմ՝ մի տասնամյակ հետո նման մեծ ընկերություններ կձևավորվեն այս երեխաների միջոցով»,-ասաց Հայկ Եսայանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները բաժանվեցին մի քանի աշխատանքային խմբերի՝ միասին մտածելու ստարտափ ծրագիր: Մասնակիցներն արդեն հնչած ելույթներից տպավորված էին ու նշեցին, որ նման միջոցառումներն օգնում են մոտիվացվել:
«Ես աշխատում եմ հանրային կապերի ոլորտում, ինձ հետաքրքիր է շփվել տարբեր մտածողություն ունեցող մարդկանց հետ ու կիսել գաղափարները։ Այսօրինակ միջոցառումները նպաստում են, որ մարդիկ ճանաչեն իրար։ Երբ ինչ-որ բանի ես հասնում, կարևոր է լավ հիմք ունենալը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց IDS-ի մասնակից Տաթևիկ Ոսկանյանը:
Լավագույն ստարտափը ներկայացրած խմբի անդամները հայտնի դարձան ժյուրիի ընտրությամբ: Նրանք «Տար Բեր» հավելվածի հեղինակներն էին, ովքեր մտածել էին օնլայն առաքում իրականացնող հավելված: Լավագույնը ճանաչված մասնակիցների մի մասը հնարավորություն ստացավ պրակտիկա անցնել Ucom ընկերությունում, մյուսները` Կենտրոնական բանկում:
ԿԲ-ում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման թիմի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի կարծիքով՝ պրակտիկայի հնարավորություն տալը լավագույն պարգևն է:
«ԿԲ-ն նպաստում է կամ աջակցում է ցանկացած նախաձեռնության՝ հատկապես երիտասարդների համար: Այստեղ հավաքված երիտասարդները կարող են ստեղծել գաղափարներ, որոնք կարող են նպաստել երկու կողմի՝ բիզնեսի և սպառողի համագործակցությանը, և այդ տեսանկյունից կարող ենք միայն ողջունել, եթե այդպիսի գաղափարներ կան»,-ասաց Արմենուհի Մկրտչյանը:
Ֆորումի աշխատանքը եզրափակվեց երկուստեք գոհունակության մթնոլորտում ու ցանկությամբ, որ այն լինի շարունակական:
Մանրամասները՝ տեսանյութում։
















