Քաղաքացիների կողմից հանրաքվե անցկացնելու իրավունքը ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը. ԿԸՀ նախագահ
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, թե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրաքվե անցկացնելու գործընթաց այսօր չի կարող իրականացնել
«Շատ հստակ նշվում է, որ նշյալ 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաև ամրագրված է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականցումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թ-ի Սահմանադրության դրույթները»,-ասաց նա և հավելեց, թե գործող դրույթներով սահմանադրական նորմերն են՝ Սահմանադրություն ընդունվում կամ դրանում փոփոխություն կատարվում են հանրաքվեի միջոցով` ՀՀ նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ:
«Խնդիրը հետևյալն է՝ համաձայն Սահմանադրության իրավանորմերի, որտեղ սահմանված է քաղաքացիների կողմից նախաձեռնություն անցկացնելու իրավունք, հստակ է նշված, թե այդ իրավանորմը որ ժամանակային պահից է սկսելու գործել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնությանը, ապա Տիգրան Մուկուչյանը նշեց, որ, իհարկե, հանրաքվեի մասին սահմանդրական օրենսդրական մանրամասն կանոնադրություններն ամրագրված են, բայց թե երբ կլինի համապատասխան օրենքը, դրա համար դեռ ժամանակ կա:
«Երբ կլինի օրենքը՝ հստակ իրավադրույթներ կլինեն, թե ինչ կարգով քաղաքացիները պետք է իրականացնեն իրենց նախաձեռնության իրավունքը և այսօր որևէ մեկը չի կարող ասել դա ստորագրահավաքի միջոցով է, թե այլ եղանակով կարող են այդ 200 000 քաղաքացիները իրականացնել»,-ասաց նա:
ԿԸՀ նախագահը նշեց, որ Հայրիկյանին տվել են պատասխան, որը միանշանակ համահունչ է եղել այն դիմումին, որը ներկայացվել է ԿԸՀ:
«Հնչում է տեսակետ, թե այսօր հնարավոր է հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսել ՝ նկատի ունենալով, որ դա իրենց իրավունքի իրացումն է:
«Բայց եթե դա պաշտոնապես նախաձեռնվում է մեկնարկել, նախ և առաջ պետք է իրավունքը լինի, որ մեկնարկի, եթե չկա, որևէ մեկնարկի մասին խոսք լինել չի կարող: Եթե կլինի օրենքը, կլինի իրավունքի իրացման ամբողջական մեխանիզմը, այդ ժամանակ յուրաքանչյուր ոք, ով ցանկանա իր Սահմանադրության իրավունքից օգտվել՝ կարող է օգտվել»,-ասաց նա և Հայրիկյանին հուշեց՝ իրավական ճանապարհը մեկն է, եթե իրենց պատասխանի մեջ կա անհամաձայնություն, կարող են վիճարկել համապատասխան կարգով:










