Նիստ կգումարենք, կտեսնենք մեր առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք ոչ, և ըստ այդմ էլ կորոշենք` 2018թ-ի բյուջեին դեմ ենք, թե կողմ. Վարդան Բոստանջյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը տեղյակ չէ, թե ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ խմբակցությունը թվով քանի առաջարկություն է ներկայացել ՀՀ կառավարությանը, բայց անձամբ ինքը երկու առաջարկ արդեն իսկ ներկայացել է:
Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ չի հարցրել խմբակցությանը, թե ընդհանուր քանի առաջարկ է արվել, բայց գիտի, որ դրանք խմբակցության աշխատակազմում ամփոփվելուց հետո կուղարկեն Կառավարություն:
«Իմ առաջարկներից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետության հանրագիտարանին, որի արտոնագրված ֆինանսավորման չափը շատ քիչ է և առաջարկել ենք այդ չափը փոքր-ինչ մեծացնել»,-ասաց նա:
Հաջորդ առաջարկն, ըստ նրա՝ Երևանից 35 կմ հեռու գտնվող Արարատի մարզի Գետազատ համայնքում Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1939 թվականին կառուցված Մշակույթի տան վերականգնման հարցն է:
«Եզակի կառույց է Երևանից դուրս, որը երկար տարիներ եղել է հայ մշակույթի ներկայացուցիչների հավաքատեղին, ինչպես Թբիլիսի Վերնատունն էր: Եթե վերանորոգվի, մենք կունենանք և՛ արժեքավոր ճարտարապետական կառույց, և՛ այդ ավանդույթներն ամենայն հավանականությամբ կշարունակենք»,-ասաց նա և հավելեց, թե ներկայացրած փաստաթուղթը ստորագրել են նաև բոլոր միությունների նախագահները՝ գրողների, ճարտարապետների, նկարիչների և այլն: Ըստ Բոստանջյանի՝ 200 մլն դրամի մասին է խոսքը:
Հարցին, թե առաջարկների ընդունումի՞ց է արդյոք կախված «Ծառուկյան» խմբակցության որոշումը՝ դեմ կքվեարկեն Բյուջեի նախագծին, թե կողմ, Բոստանջյանը պատասխանեց. «Դեռ նիստ կգումարենք, կտեսնենք մեր առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք չեն ընդունվել, և ըստ այդմ էլ խմբակցությունը կկայացնի որոշում»:
Իսկ մինչ այդ խմբակցությունը կշարունակի դե՞մ լինել, ինչպես եզրափակիչ ելույթում հայտարարվեց հարցին, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ լսեցիք, ի՞նչ կա ավելացնելու»:










