Բագրատաշենում սահմանապահի դանակահարության մեջ կասկածվողը ձերբակալվել է, մեկ անձ որոնվում է. Գլխավոր դատախազություն
Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում գրանցված միջադեպի ընթացքում սահմանապահին դանակահարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դանակահարելու մեջ կասկածվող Կ.Շ-ն ձերբակալվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Հարուցված քրեական գործի շրջանակներով որպես ձերբակալվել է կասկածյալ Կ.Շ.-ն: Վիճաբանության մասնակիցներից մեկը որոնվում է»,-ասաց հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ Tert.am-ին Դատախազությունից հայտնել էին, որ ըստ նախնական տվյալների՝ սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Կ. Շ.-ն մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել սահմանապահի մարմնի տարբեր մասերին։
Նշենք, որ Բագրատաշենի անցակետում վիճաբանության ժամանակ սահմանապահին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կատարելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:










