«Երեխաներից շատերը թոքաբորբ էին ընկել, անմխիթար վիճակ է դպրոցում». Ջրարբիի դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել

11:20 • 20.11.17

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 10-ից սկսած Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի անմխիթար վիճակի, ջեռուցման բացակայության դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Սարո Մկրտչյանը:

«Ես անձամբ երեք երեխա ունեմ, նրանց չեմ ուղարկել դպրոց, որովհետև ահավոր վիճակ է: Ջեռուցման, լուսամուտների, վերանորոգման հետ կապված խնդիրներ կան: Հասարակ զուգարան չկա, որ երեխան գնա, իր կարիքները հոգա: Ամբողջը խնդիր է»,- նշեց ծնողը:

Նրա խոսքով՝ դպրոցի 261 աշակերտներից ոչ մեկի ծնողը թույլ չի տվել իր երեխային հաճախել դասի: Սարո Մկրտչյանը հայտարարեց, որ դասադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև պետությունը խնդրին լուծում չտա:

«Երեխաներից շատերը թոքաբորբ էին ընկել: Գյուղից մի քանի երեխա թոքերի խնդրով վերակենդանացման բաժանմունքում էին, հազիվ փրկվեցին»,- հայտնեց նա:

Սարո Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նախկինում ևս Ջրարբիի դպրոցականների ծնողները բարձրացրել են անմխիթար պայմանների խնդիրը, բայց մինչև այս ոչ մի լուծում չի տրվել՝ ո՛չ տեղական իշխանության, ո՛չ կրթության և գիտության նախարարության կողմից:

«Միշտ եկել, ասել են՝ լավ կլինի, բայց 15-20 տարի այս վիճակն է»,- ասաց նա:

Արդեն մեկ ժամ է Ջրարբիում ընդհատված է դասապրոցեսը, բայց դեռևս իշխանությունից ոչ ոք բողոքող ծնողների հետ երկխոսության չի եկել: