«Մանուշակ» մանկապարտեզ մտած անձը 2 մտադրություն է ունեցել՝ համոզել կնոջը, որ վերադառնա, իսկ եթե ոչ՝ ինքնասպանություն գործել. պաշտպան

16:16 • 20.11.17

Հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու և սպանության փորձի մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել և ներկայացրել իր մտադրությունները: Նա իրեն առաջադրված սպանության փորձի համար առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել, համաձայն որի՝ երկու ծրագիր է ունեցել՝ գնալ մանկապարտեզ, որտեղ կինն է աշխատում և համոզել նրան, որ վերադառնա տուն: Երկրորդ՝ եթե կինը չհամոզվի, ապա ինքնասպանություն կգործի, և ինքնասպանություն գործելու մտադրությունն իրականացնելու համար է, որ իր հետ դանակ է տարել մանկապարտեզ»,-ասաց Սարգսյանը:

Պաշտպանն ասեց, որ քանի որ մանկապարտեզի տնօրենն իր պաշտպանյալի կնոջ տատիկն է, միջամտել է նրանց խոսակցությանը, ինչի պատճառով էլ Արգամ Հովիկյանի պլանները փոխվել են:

Սարգսյանի խոսքով, երբ ոստիկանները շրջափակել են մանկապարտեզը, նա խմբում մնացած միակ երեխային պատանդ է վերցրել՝ պահանջելով, որ իր կնոջը կանչեն իր մոտ. «Ըստ իմ պաշտպանյալի նախաքննական ցուցմունքների՝ նա կնոջն է պահանջել, որպեսզի ինքնասպանություն գործի նրա աչքի առաջ: Արսենյանին հայտնում են, որ կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երբ ժամեր անց կնոջը բերում են, պատանդառված երեխային բաց է թողնում և ինքնասպանություն փորձ կատարում՝ դանակի մի քանի հարվածներ հասցնելով իրեն»:

Հարցին, թե դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի՞ են, Սարգսյանն ասաց, որ ըստ դրանց արդյունքների՝ իր պաշտպանյալը սթափ է եղել:

Իսկ թե ինչպես է կինը՝ Լիլիթը վնասվածքներ ստացել, Սարգսյանն ասաց, որ Հովիկյանն է փորձել կնոջը դուրս հանել մանկապարտեզից դանակով սպառնալով, ինչին միջամտել են մանկապարտեզի աշխատակիցները և քաշքշուկի ընթացքում կինը վնասվածքներ է ստացել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահել մեկ երեխայի: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Հովիկյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: