ԱՄՆ-ում մահացել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը
20-րդ դարի ամենատխրահռչակ հանցագործներից մեկը՝ սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը, մահացել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հիվանդանոցներից մեկում:
Ինչպես նշում է bnonews.com կայքը, այս մասին հայտնել է Մենսոնի զոհերից մեկի քույրը: Հայտնի է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մենսոնն 83 տարեկան էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մենսոնը դատապարտվել էր 1971թ.՝ մարդասպանության 9 դեպքում ներգրավված լինելու մեղադրանքով: Հայտնի է, որ սպանություններն իրագործվել էին նրա հետևորդների՝ այսպես կոչված «Մենսոն ընտանիքի» անդամների կողմից՝1969թ.: Նշվում է, որ Մենսոնի հետևորդները հասարակաության կողմից մերժված անձնինք ու հանցագործներ էին:
Ի սկզբանե, Մենսոնը դատապարտվել էր մահապատժի, սակայն ավելի ուշ Կալիֆոռնիայի գերագույն դատարանը չեղարկեց մահապատիժն ու մոլագարը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ճաղերի հետևում գտնվելու ընթացքում նա 7 անգամ դիմել է վաղաժամ ազատվելու համար, սակայն մերժվել է:










