ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց
11.10
Հայրիկյանը մի քանի տարբերակներով է եկել ԿԸՀ-ի դիմաց հացադուլ սկսելու: «Մի քանի տարբերակներ ունենք, մինչ ԱԻՄ-ը որոշի իր անելիքները, ես, անհատապես, սկսում եմ իմ գործը: Հիմա նաև պատրաստում ենք մի ձևաթուղթ` պաշտոնապես ստորագրահավաքը սկսելու համար, օրինակներն ուղարկում ենք դատախազին, վարչապետին և ասենք, որ այս ձևաթղթով մենք սկսում ենք ստորագրահավաք, եթե դեմ են, մեզ տեղեկացնեն: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ հո՞ անուղեղ չեն վերջապես, իրենց պարտականությունը պետք է կատարեն և պետք է բերեն, տան այդ ձևաչափը»,-ասաց նա:
Հարցին` գուցե աջակցության հարցով դիմեր ԱԺ պատգամավորներին, Հայրիկյանը պատասխանեց, թե ինքը չի հակադրվում, պատրաստ է բոլորի հետ համագործակցել և այս միջոցով էլ նրանց ևս ցույց է տալիս խնդրի կարևորությունը:
Ի դեպ, 200 000 ստորագրություն հավաքելուց հետո դեռ պետք է ԱԺ մեկ/երրորդի աջակցությունը ստանան, որպեսզի հանրաքվեի օր որոշվի: Հարցին` ինչ կլինի, եթե այդքան փուլերը հաղթահարեն ու չստանան այդ աջակցությունը, ԱԻՄ նախագահը պատասխանեց. «Եթե 200 000 ստորագրություն տանք ու արհամարեն, ուրեմն իրենց խնդիրն է»:
10.46
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Նրա խոսքով՝ հացադուլի նպատակը ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ ընդվզելն է, քանի որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ն նրանց տեղեկացրել է, որ նման հնարավորություն չկա, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է:
«Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն և նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել»,-բացատրեց Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով՝ ՀՀ սահմանադրության մեջ կատարվող փոփոխության հարցը չափազանց կարևոր է:
«Այնքան կարևոր է, որ ես կարող եմ ասել՝ ավելի կարևոր, քան 1991-ի սեպտեմբերի 21-ի հարցը, ես մեկ օր ավել չեմ ուզում կորցնել: Հենց այդ իրավունքը կտրվի այս Սահմանադրությամբ՝ կնախաձեռնեք փոփոխություններ՝ հիմքում ունենալով մի բան՝ ՀՀ-ն դարձնել քաղաքացիների սեփականությունը, ոչ թե պատահական մարդկանց, օտար գործակալների կամ վզները հաստացրած օլիգարխների, դա ՀՀ քաղաքացիների սեփականությունն է»,-ասաց նա:
Հայրիկյանի խոսքով՝ ցանկացած երկրորդ մարդ, ով ծանոթանա իրենց Սահմանադրության տարբերակին, կհասկանա, որ ինքը դրանով դառնում է երկրի տերը և ոչ միայն 200 000, այլ կես միլիոն ստորագրություն կհավաքեին: Սակայն հանդիպել են ԿԸՀ-ի հետ, որպեսզի ստանան պաշտոնաթղթի այն ձևը, որի վրա ստորագրություն պետք է հավաքեին, մինչդեռ ԿԸՀ-ն հայտարարել է, որ օրենքում այդպիսի նախաձեռնություն չկա:
«Գոնե ասեր՝ դեռևս այդ դրույթը չի գործում, ուղղակի ցանկացա ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որովհետև խնդիրը ոչ միայն ամենակարևորն է, այլ համադարման է»,-ասաց նա:










