Կոտայքում 34-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխել է նրա ազգականը

15:38 • 20.11.17

Կոտայքի մարզի բնակիչը ինքնասպանության փորձ է արել, որը կանխել է նրա ազգականը:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն այդ մասին ահազանգ ստացել է նոյեմբերի 19-ին:

Նրա տեղեկացմամբ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի մի բնակիչ կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել: Նրան շտապօգնության ծառայողները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում 1983 թվականին ծնված քաղաքացին գնացել է Արագյուղի վարչական տարածքում գտնվող Չայի ափ կոչվող ձորակ և ինքնասպանություն գործելու նպատակով ծառից պարանով կախվել է: Սակայն վերջինիս օգնության է հասել ազգականը և կանխել ինքնասպանության փորձը»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: