Վանաձորում 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

00:04 • 20.11.17

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի 24-ամյա բնակիչը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:

Սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝  նույն քաղաքի 24-ամյա բնակչի կողմից։

Լոռու մարզային  քննչական վարչության և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։