ՏՄՊՊՀ-ն ձվի շուկայում մոնիթորինգ կիրականացնի և կուսումնասիրի թանկացման մասին տեղեկությունները

18:46 • 22.11.17

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից Tert.am-ին տեղեկացրին, որ ձվի շուկայում գերիշխող վաճառակետերում կիրականացնեն մոնիթորինգ և արդյունքների մասին կտեղեկացնեն:

Նշենք, որ armtimes.com կայքը նշել է, որ եթե մոտ մեկ շաբաթ առաջ ձվի մեկ հատի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, ապա այժմ այն տատանվում է 70-ից 90 դրամի սահմաններում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ ձվի շուկայի ուսումնասիրություն չեն իրականացրել, առաջիկա օրերին կուսումնասիրեն և կտեղեկացնեն: 

«Չի բացառվում, որ գյուղական հավկիթը ինչ-որ մեկը որոշի վաճառել թանկ գնով, ոչ մեկ սահմանափակված չէ գյուղական հավկիթը վաճառել թեկուզ 100-120 դրամով»,-ասաց նա:

Ամեն դեպքում Պիպոյանը նշեց, որ գործարանային արտադրանքում էական և մեծ ծավալի հասնող թանկացում չկա, բայց ընդհանուր առմամբ թեկուզ փոքր չափի թանկացումը, եթե նույնիսկ առկա է, կպարզվի ուսումնասիրությունից հետո:

Սուպերմարկետներից մեկից տեղեկացանք, որ 90 դրամին հասնող գին չկա, և խանութում էլ իրարանցում չէ:

Հայտնենք նաև, որ «Ժամանակ» թերթը ևս գրել է, որ իր տեղեկու­թյուններով՝ տևական ժամանակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են. այդ հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով: