Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն. Ճանապարհային ոստիկանության պետ

13:01 • 22.11.17

Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, պատասխանելով Tert.m-ի հարցին, թե որքան ժամանակահատվածում և ինչպես են իրավախախտումների համար վճարելու օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները:

«Ես վերջերս այցելել էի Հանրապետության սահմանակետեր: Այնտեղ  ուսումնասիրություն ենք իրականացրել և  մինչև տարվա վերջ  բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ  արտասահմանյան հաշվառման համարանիշով  ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-ասաց Կարապետյանը:

ՀՀ ՃՈ պետն ասաց, որ վճարումները կարվեն այն նույն ընթացակարգով, ինչը սահմանված է ՀՀ քաղաքացիների համար:

Tert.am-ի հարցին, թե մտավախություն չկա՞, որ նշված օտարերկրացին մեկ անգամ էր եկել Հայաստան, և կծանուցվի, չի վճարի տուգանքը ու այլևս Հայաստան չի վերադառնա, հետևաբար նաև տուգանքը չի վճարի, ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ նման մտավախություն կա. « Նման ռիսկ կա, սակայն ձեռնարկված վարչարարական և տեխնիկական միջոցներով հնարավորինս  հասցվում է նվազագույնի, որպեսզի  ցանկացած իրավախախտող պատասխանատվության ենթարկվի և վճարի տուգանքը»:

Իսկ եթե ելքի պահին չի վճարվում տուգանքը, ապա, Խաչատրյանի խոսքով՝ վարչական ակտի հասցեատիրոջը Հայաստան մուտքի վիզա չի տրվում: