Հարիրին վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո առաջին անգամ ժամանել է Լիբանան
Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց և Լիբանանում քաղաքական ճգնաժամ առաջացնելուց հետո առաջին անգամ երեքշաբթի վերադարձել է Բեյրութ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ Բեյրութի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո Հարիրիին դիմավորել են անվտանգության ուժերի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Հարիրին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին: Հանդիպումից հետո Հարիրին հայտնել է, որ կհայտարարի իր «քաղաքական դիրքորոշման» մասին Լիբանանում:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:
Լիբանանի նախագահը հրաժարվել է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք:










