Իսպանիայում ալժիրցի ներգաղթյալներին փակել են բանտերում՝ ճամբարներում տեղ չլինելու պատճառով

11:58 • 22.11.17

Իսպանիայում մոտ 500 ալժիրցի ներգաղյթալի ուղարկել են տեղական նորակառույց բանտ՝ նշելով, որ ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներում տեղ չկա, գրում է alaraby.co.uk կայքը:

Աֆրիկացի ներգաղթյալների մեծ մասին տեղավորել են իսպանական Արչիդոնա քաղաքի բանտում, որը վերջերս է կառուցվել: Տեղեկությունը հաստատվել է երկրի ներքին գործերի նախարարության կողմից:

Երկրում գործող մի շարք իրավապաշտպան կառույցներ, սակայն, ահազանգել են, որ նման քայլն անընդունելի է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԱԿ-ն ահազանգել էր, որ Ներգաղթյալների հայտնաբերման հարցում Լիբիային ԵՄ-ի օգնելու քայլերը խթանում են երկրում ստրկավաճառության աճը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը մեղադրել է եվրոպական երկրներին Լիբիայի հետ ձեռքբերված պայմանավորվածության վերաբերյալ նախազգուշացումներն արհամարհելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am -ը՝ ՄԱԿ-ը շեշտել է, որ Միջերկրական ծովը հատելու փորձ անող աֆրիկացի ներգաղթյալներին հայտնաբերելու և նրանց ձերբակալելու հարցում Լիբիայի իշխանություններին օգնելու Եվրամիության քաղաքականությունն «անմարդկային» է: