Uber-ը թաքցրել է 57 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքը՝ 100 000 դոլար վճարելով հաքերներին

11:06 • 22.11.17

Uber Technologies-ը հաքերներին 100 000 դոլար է վճարել անցած տարի ծառայության 57 միլիոն օգտատերերի անձնական տվյալների խոշոր արտահոսքը գաղտնի պահելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:


Ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ չի բացահայտել 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած՝ ողջ աշխարհից ծառայության 50 միլիոն հաճախորդների և 7 միլիոն վարորդների անունների, հասցեների և հեռախոսների արտահոսքի մասին տեղեկությունը: Նշվում է, որ հաքերների տրամադրության տակ է հայտնվել նաև 600 հազար վարորդական իրավունքների տվյալներ:


Ընկերությունը կարգավորիչներին և օգտատերերին հաքերային հարձակման մասին տեղյակ պահելու փոխարեն վճարել է հաքերներին տվյալները հեռացնելու և արտահոսքը գաղտնի պահելու համար:


Uber-ում նշել են, որ հաքերները չեն օգտվել ձեռքբերված տեղեկատվությունից:


Նյու Յորքի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:


Uber-ը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ հեռացրել է միջադեպի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար պատասխանատու անձանց՝  անվտանգության ծառայության ղեկավարին և նրա տեղակալին:


Uber-ի տնօրեն Դարա Խոսրովշահին ներողություն է խնդրել ընկերության հաճախորդներից: