Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում վտանգավոր դրույթները շարունակում են մնալ. Արման Բոշյան
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակում վտանգավոր դրույթները շարունակում են մնալ. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը:
«Հիմա նոր նախագիծն, իհարկե, բավականին տարբերվում է, հիմնական տարբերակը շատ են կրճատել, բան չունեմ ասելու, բայց հին, վտանգավոր դրույթները մնացել են, մասնավորապես տնտեսական, հոգեբանական բռնությունը մնացել է, չնայած ձևակերպումը փոխել են, բայց ինքը կրկին անորոշության տեղեր թողնում է: Ոստիկանությունը շարունակում է իրավասություն ունենալ չհիմնավորված ներխուժել ընտանիք, թեև այնտեղ անչափահասների մասով դրույթները փոխվել են, ինչը ևս փաստում է, որ նախկին նախագիծն ուղղակի ուղղված էր երեխաներին ընտանիքներից օտարելուն»,-ասաց նա:
Ըստ Բոշյանի՝ իրենք ինչքան կարողացան նպաստեցին, որ օրենքը փոփոխվի և ունեցան առաջին արդյունքը: «Հիմա պետք է սպասել, թե ինչպես կքվեարկի խորհրդարանը և որից հետո արդեն կձեռնարկենք ուրիշ միջոցներ, որպեսզի իրազեկենք՝ ինչպես դիմադրել չարաշահումներին, որոնք, հավանական է, տեղի կունենան նման օրենքի կատարման ընթացքում»,-ասաց նա:
Համահայկական ծնողական կոմիտեի նախագահը նշեց, թե իրավիճակը ցույց է տալիս, որ Կառավարությունը և պետությունը պատվեր է կատարում, ընդ որում՝ ոչ ժողովրդի:
«Եթե պետությունն ինքնիշխան լիներ, նման նախագիծ ընդհանրապես չէր լինի: Ինչ ասեմ՝ օկուպացված երկրի կարգավիճակում գտնվող պետություն է, որովհետև անկախ պետությունը պատվերներ չի ընդունում օրենքներ ընդունելու, անկախ պետությունն ընդունում է օրենք այն դեպքում, երբ իրեն անհրաժեշտ է, երբ հանրային պահանջ կա: Իրենք կատարում են ըստ ԵՄ-ի հետ կնքված պայմանագրի, և չի բացառվում, որ որոշակի քաղաքական ճնշումներ կան, որոնք իրենք պարտավոր են կատարել»,-ասաց նա:
Արման Բոշյանը անդրադարձավ ոստիկանների միջամտությանը և նշեց, որ նախագծի նոր տարբերակում 12.1 հոդված են ավելացրել, որ նախատեսում է, որ անչափահասների հետ կապված անմիջական միջամտում չի նախատեսվում:
«Բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող է ոստիկանը համերաշխություն բերել ընտանիք, կարո՞ղ եք ինձ բացատրել: Այսինքն՝ դա արդեն իսկ ծիծաղելի է հնչում, չի կարող իհարկե: Մենք կոմպլեքս լուծում առաջարկեցին՝ի ուսումնասիրություն կատարել և աշխատել վերացնել պատճառները, որոնք նպաստում են բռնության աճին ՀՀ-ում, խոսքը ոչ միայն ընտանիքների են վերաբերում, նաև կրթական հաստատություններին և այլն: Առաջարկում էինք զոհերին աջակցության համար առանձին օրենսդրական ակտ ընդունել, օրենք ընդունելու կարիք չկար: ՀՀ-ում կան 15 000 բազմազավակ ընտանիք, որոնք ռեալ ֆինանսական օգնության կարիք ունեն, և այդպես էլ մեր կառավարությունը գումար չճարեց այդ մարդկանց օգնելու, բայց ոստիկաններին ավելացնելու գումար ճարվեց: Այսինքն՝ մերը հայկական կառավարություն չի, չգիտեմ ոնց ասեմ, թե ինչ կապ ունեն այդ մարդիկ հայ ժողովրդի հետ, եթե իրենք պատվեր են կատարում»,-ասաց նա:










