Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի գաղափարը փոփոխված տարբերակով խեղաթյուրվել է. ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լրամշակումից հետո փոխել է իր էությունը, այս կարծիքին են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, ովքեր այսօր հավաքվել էին Կառավարության դիմաց: Նրանք կատարել են սեփական վերլուծությունը և առաջարկում են փոփոխություններ մտցնել օրենքի նախագծում, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Ի սկզբանե «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց, որ անհրաժեշտ է նման օրենսդրություն ունենալ, որպեսզի կարգավորվի ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում և, մասնավորապես, նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության խնդիրը: Անցյալ շաբաթվա կառավարության նիստից հետո մենք հասկացանք, որ կոնցեպտուալ փոխվել է օրենքի նախագիծը, մասնավորապես այժմ կոչվում է ոչ թե «ընտանեկան բռնության կանխարգելման» այլ ընտանիքում բռնության կանխարգելման, «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքի նախագիծ», ինչը, կարծում ենք, ողջ տրամաբանությանը հակասում է, քանի որ ընտանիքում «համերաշխության մթնոլորտի վերականգնում» այսպիսի տերմինաբանությունը իրավական լեզվում ընդհանրապես գոյություն չունի, և կարծում ենք, որ շատ դժվար կլինի նմանատիպ խնդիրը սահմանելը և լուծման հնարավորություն տալը»,-ասաց Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանի խոսքով` օրենքի նախագծում նաև դրական փոփոխություններ կան, բայց ընդհանուր առմամբ օրենքի տրամաբանությունը, որն ուղղված պետք է լինի անձի պաշտպանությանը, փոխվել է:
«Այդտեղ ուժեղացվել է հաշտության եզր գտնելու հնարավորությունը, հաշտարարի ինստիտուտ կոչված հաշտություն տերմինն է մտել: Օրենքում տեղ է գտել ավանդական այսպիսի ձևակերպում, որն իրավական ձևակերպում չէ, ըստ այդմ շատ դժվար կլինի սահմանել, թե ընտանեկան բռնությունը կատարվում է արդյոք ավանդական արժեքի ոգուն համահունչ, թե դա իրապես բռնություն է: Հիմա այստեղ ակցիա ենք անում, դուրս ենք բերել այն բոլոր ավանդական ասույթները և թևավոր խոսքերը, որ իրենց մեջ բռնություն են պարունակում»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանն էլ Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը ընտանեկան բռնության տերմինը փաստացիորեն փոխելն ու հանելն է օրենքի նախագծից:
«Իրավական կարգավորման առարկան է փաստացիորեն փոխվում և խնդրահարույց է նաև այն, որ նախագիծը, փաստորեն անձի, անհատի պաշտպանությունից, շեշտադրումը տեղափոխվում է դեպի ընտանիքում համերաշխության ամրապնդում, որը նախ շատ սուբյեկտիվ եզրույթ է , սահմանված չէ ՀՀ օրենսդրական որևէ կարգավորումներով և առաջացնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտումներ, բացի այդ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ, նույն համերաշխությունը ընտանիքում կարող է օրինակ՝ հասկացվել բռնության ենթարկված անձին ընտանիքում լռեցնելու կամ բռնության ենթարկված անձի կողմից այսպես ասած հանդուրժելու, լռելու և չբարձրաձայնելու տեսանկյունից: Փաստորեն շեշտադրումը խեղաթյուրում է ամբողջ օրենքի գաղափարախոսությունը»,-ասաց իրավապաշտպանը:










