Էկվադորի իշխանությունները խնդրել են Ասանժին չմիջամտել Կատալոնիայի շուրջ իրավիճակին
Էկվադորի կառավարությունը խնդրել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին հրաժարվել մեկնաբանություններից, որոնք կարող են խնդիրներ ստեղծել Իսպանիայի հետ այդ երկրի հարաբերություններում: Այդ մասին ասված է Էկվադորի արտաքին գործերի և միգրացիայի հարցերով նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Արտաքին գործերի և միգրացիայի հարցերով նախարարությունը, անդրադառնալով Կատալոնիայի անկախության շուրջ Իսպանիայում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին և այդ առնչությամբ պարոն Ջուլիան Ասանժի հայտարարություններին, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դրանք Էկվադորի դիրքորոշումը չեն ներկայացնում»,- նշված է հաղորդագրությունում:
Այդ առնչությամբ Էկվադորի իշխանությունները հիշեցրել են Ասանժին նրա պարտավորության մասին չանել հայտարարություններ և չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են անդրադառնալ Էկվադորի միջազգային հարաբերությունների վրա:
«Դրանք հարկավոր է պահպանել, ինչպես Իսպանիայի դեպքում, երկիր, որի հետ մեզ կապում են բազմաթիվ պատմական և մշակութային կապեր… Իր կողմից պարոն Ասանժը պաշտոնապես խոստացել է, որ նրա պահվածքը համատեղելի կլինի Էկվադոր պետության կամքի հետ»,- ասված է հաղորդագրությունում:










