Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազնները խոշտանգումների են ենթարկվում. միլիարդատեր Ալվալիդ Թալալին ոտքերից կախել են ուղերձ հղելու համար. DM

13:50 • 23.11.17

Սաուդյան Արաբիայում այս ամսվա սկզբին ձերբակալված թագավորական ընտանիքի անդամները և գործարարները ենթարկվում են խոշտանգումների, որոնք իրականացնում են ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցները: Այդ մասին հայտնել է բրիտանական Daily Mail-ը:


«Նրանք ծեծի են ենթարկում նրանց, խոշտանգում են և վիրավորում: Նրանց փորձում են կոտրել»,- հայտնել է թագավորությունում լրատվամիջոցի աղբյուրը: Թերթի տեղեկություններով՝ նշված գործողություններն իրականացնում են նախկինում Blackwater անունով հայտնի ամերիկյան մասնավոր Academi ընկերության աշխատակիցները:


«Հյուրանոցների դրսում, որտեղ գտնվում են ձերբակալվածները, կարելի է տեսնել սաուդյան հատուկ ծառայությունների զրահապատ ավտոմեքենաներ, բայց ներսում գործում է մասնավոր անվտանգության ընկերություն»,- հայտնել է աղբյուրը:


Ընկերությունում հերքել են, որ ներգրավված են խոշտանգումներին՝ նշելով, որ նման գործողություններն արգելվում են ամերիկյան օրենսդրությամբ:


Միևնույն ժամանակ թերթը պնդում է, որ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, որի նախաձեռնությամբ իրականացվում է հակակոռուպցիոն արշավը, անձամբ է մասնակցում որոշ հարցաքննություններին:


Լրատվամիջոցի տվյալներով՝ նա արդեն առգրավել է ձերբակալված արքայազններից և գործարարներից 194 միլիարդ դոլար:


Կոռուպցիայի մեջ մեղադրանքներով ձերբակալվածների թվում է նաև արքայազն Ալվալիդ Բին Թալալը՝ Սաուդյան թագավորի եղբորորդին, ում կարողությունը Forbes-ի համաձայն կազմում է ավելի քան 17 միլիարդ դոլար և ով բաժնետոմսեր ունի Twitter, Lyft և Citigroup ընկերություններում:


Daily Mail-ի աղբյուրի փոխանցմամբ՝ արքայազնին կախել են ոտքերից ուղերձ հղելու համար:


Ձերբակալություններից հետո Daily Mail-ի տրամադրության տակ է հայտնվել լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես են սաուդյան արքայազնները քնում ներքնակների վրա Էր Ռիադի հինգաստղանի Ritz Carlton հյուրանոցի սրահում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց: 


Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավոր և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է 208 մարդ:

Round-up: Dozens of princes, senior officials and businessmen, including cabinet ministers and billionaires, have been detained in a function room of the Ritz Carlton. Now a source says they are being subjected to torture by American mercenaries

Strongman: Saudi Crown Prince Mohammed bin Salman, seen as he attended a glittering investment conference in the hotel now being used as a prison, ordered in the mercenaries, the source claimed, and takes part in interrogations personally