Սիրիայի հակաահաբեկչական պայքարի ավարտով կոնֆլիկտը չի ավարտվում, ամրագրվում է նոր փուլի մեկնարկը. փորձագետներ (տեսանյութ)

13:20 • 23.11.17

Փաստացի ամրագրվում է սիրիական հակամարտության նոր փուլի անցման մեկնարկը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, ով հիշեցրեց, որ վերջին մի քանի օրում Սոչիում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում, որոնց առանցքային թեման Սիրիան է՝ Պուտին-Ասադ, և նախօրեին եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների:

Ըստ արաբագետի՝ ավարտվել է «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական պայքարը և նախապատրաստվում է հակամարտության քաղաքական փուլը:

«Երեք նախագահների հանդիպումն ավելի խորհրդանշանական էր, և նպատակ ուներ ի ցույց դնել այս երեք հիմնական դերակատարների մասնակցությամբ ձեռք բերված հաջողությունները, մասնավորապես ԻՊ-ի դեմ պայքարը»,-ասաց նա և հավելեց, որ հանդիպման ավարտի ամփոփիչ ասուլիսին նշվեց, որ կողմերը չեն դադարեցնում հակամարտությունը կարգավորվելուն ուղղված ջանքերը, դրանք գործադրվելու են քաղաքական ձևաչափի շրջանակներում:

Արաբագետը ներկայացրեց նոր ֆորմատը, որի հեղինակը ևս Ռուսաստանն է և կրում է «Սիրիական ժողովուրդների երկխոսության կոնգրես» անունը:

«Այս ձևաչափի շրջանակներում, որի առաջին հանդիպում է նշանակված, նախատեսվում է ինչպես հակամարտության քաղաքական տարաբնույթ ուժերի, դաշինքների, այնպես էլ էթնիկ ցեղային միավորումների մասնակցություն»,-ասաց նա և նշեց, որ մոտ 4-5 տասնյակ ներկայացուցիչներ են:

Թե ինչ հաջողություններ կունենա հակամարտության նոր փուլը, Արմեն Պետրոսյանը կանխատեսում է՝ հակաահաբեկչական պայքարի ավարտով հակամարտությունը բնավ էլ չի ավարտվում: «Ընդամենը վերադառնում ենք 2013թ. իրողություններին, երբ չկար ԻՊ-ն, ահաբեկչական պայքարը: Բայց կարևոր լուրջ ձեռքբերում կա՝ սկզբունքային տարբերություն 2013թ. հետ կապված, այն է՝ հակաասադական ճամբարում տեղի են ունեցել որոշակի կարևոր դերակատարությունների տեղափոխություն՝ Քաթարը և Թուրքիան, որոնք հակամարտության սկզբին աջակցում էին սիրական ընդդիմությանը»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ արաբագետի՝ բացի այն, որ Թուրքան նոր ձևաչափում է հանդես գալիս, կարևոր իրողություն ևս փաստվում է, որ զգալիորեն թուլացել է ԱՄՆ-ի և առհասարակ արևմտյան երկրների դերակատարությունը, որն ըստ նրա՝ բացասական կանխատեսումների հիմք է տալիս:

«Վերջնական հանգուցալուծումը հնարավոր է, երբ բոլոր արտաքին դերակատարները կունենան կամք՝ հաղթահարելու ճգնաժամը և դուրս գալու Սիրիայից, ինչի նախադրյալները չկան»,- ասաց նա և հավելեց, թե կոնկրետ Իրանը չի պատրաստվում զիջել դիրքերը:
 
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանն ունի գերակա ազդեցություն Սիրիայում, ինչը բարդ է լինելու պահպանել հակամարտության պայմանական ավարտից հետո: «Հակամարտության գործում մեծ դեր ունեցան Թուրքիան, ՌԴ-ն, Իրաքը և ազդեցության բաժանման խնդիր կա, որը նաև նկատելի է»,-ասաց նա: 

Իրանագետը նշեց, որոշ հայտարարություններում արդեն նշվում են, թե այն պետությունները, որոնք կիսում են հաղթանակի փառքը՝ ի սկզբանե այլ դերակատարում են ունեցել հակամարտության մեջ: «Նշվում է Թուրքիայի անունը, այսինքն՝ Իրանը չի պատրաստվում հավասարը հավասարի հետ կիսել Թուրքիայի հետ»,-ասաց նա:

Ըստ իրանագետի՝ հակամարտությունը չի ավարտվել և սրա մասին խոսեց նաև Իրանի նախագահ Ռոհանին Սոչի մեկնելու պահին: «Նա ասաց, թե մենք պայմանականորեն ենք համարում ավարտված, գործ ունենք ԻՊ-ի դադարի հետ, ոչ առհասարակ ահաբեկչության դեմ պայքարի դադարեցմանը: Այսինքն՝ նշանակում է որ ճգնաժամը շարունակվելու է և բացառված չէ, որ այլ ուժեր կշարունակեն հրահրել»,-ասաց նա և հավելեց, թե Իրանը փորձելու է ավելի  ուժեղացնել իր ուժերը: