ԱԺ նիստերից բացակայած 18 պատգամավորների աշխատավարձներից պահումներ են արվել

15:53 • 24.11.17

ԱԺ նիստերից անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նա տեղեկացրեց, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նիստերից անհարգելի բացակայել է 18 պատգամավոր:

Ամենաշատն անհարգելի բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 11 անգամ, որի պատճառով նրա աշխատավարձից պահվել է 252 հազար դրամ: Նույն խմբակցության պատագմավոր Իշխան Զաքարյանը ԱԺ նիստերից 6 անգամ է բացակայել, նրա աշխատավարձից էլ պահվել է 133 հազար 900 դրամ:

Մյուս պատգամավորները բացակայել են 1-2 անգամ: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի երկու բացակայությունների համար աշխատավարձից պահվել է 42 հազար դրամ, իսկ այս խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը երկու բացակա է ունեցել, ինչի համար նրա աշխատավարձից պահվել է  44 հազար 590 դրամ:

Այդ խմբակցությունից Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու աշխատավարձից երկու բացակայության համար պահվել է 41 հազար 820 դրամ, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի երկու բացակայությունների դիմաց պահվել է 48 հազար 380 դրամ:

Իսկ «Ծառուկյան» խմբակցությունից Արգամ Աբրահամյանը, ՀՀԿ-ականներ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Շուշան Պետրոսյանը և ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանն էլ անհարգելի բացակայել են մեկական անգամ, և նրանց աշխատավարձերից պահվել է 22-24 հազար դրամ:

ԱԺ  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Tert.am-ին նաև տեղեկացրին, որ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստերից բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացրել նոյեմբերի 15-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ նոյեմբերի 16-ին: Տեղեկանքները քննարկման փուլում են։