Այգեստանում էլեկտրահարել են քաղաքացուն, գումար վերցրել և դիմել փախուստի

16:04 • 24.11.17

Երևանի Այգեստան թաղամասի 7-րդ փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 16:40-ին ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:

«Մեկնած օպերատիվ խմբին նշված հասցեի տան տերը հայտնել է, որ անհայտ անձինք իր տան մուտքի դռան մոտ բռնություն գործադրելով՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել են իրեն: Քաղաքացու հայտնածի համաձայն՝ այնուհետև տանտիրոջը տարել են ներս, դրամապանակից գումար են վերցրել ու դիմել փախուստի»,-ասաց բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն: