ԱլԳ գագաթնաժողովին Լուկաշենկոյի բացակայությունը Կրեմլի որոշումն է. Լիտվայի նախագահ
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ այն, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա չի լինի Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, Կրեմլի որոշումն է, հայտնում է Delfi-ն:
«Ես կարծում եմ, որ դա ցուցադրում է այն, ինչ ցույց տվեցին զորավարժությունները, իր տարածքում տերը Մոսկվան է, այլ ոչ Բելառուսը, ոչ Մինսկը: Եվ որոշումները, թե ով ուր մեկնի, կայացնում է Մոսկվան, այլ ոչ Մինսկը»,- LRT-ին տված հարցազրույցում ասել է Գրիբաուսկայտեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մեկնի Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Ինչպես հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ում, գագաթնաժողովին Լուկաշենկոյի մասնակցության անհրաժեշտություն չկա, քանի որ երկիրը չի ձգտում միանալ Եվրամիությանը: Գագաթնաժողովին երկիրը ներկայացնում է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, չնայած նրան, որ հրավերն ուղարկվել է Լուկաշենկոյի անունով:










