Պավլիկ Մանուկյանի կողմից դատավորին վիրավորելու համար քրեական գործ է հարուցվել. պաշտպան
ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք կառաջադրվի, հարուցվել է քրեական գործ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպաններից Հրանտ Գևորգյանը։
«Դատարանում դատավորին վիրավորելու համար քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով է։ Պավլիկ Մանուկյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել պաշտպանի չմասնակցության պատճառով»,-ասաց Գևորգյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է հուլիսի նիստի ժամանակ հնչած արտահայտությանը։
Նշենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «ցռան մոզի», երբ հերթական անգամ ենթարկվել էր դատական սանկցիայի։
Նշենք, որ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով։










