Ընդունվել է «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրը
Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Բրյուսելում անցկացվող 5-րդ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը: Կայքում նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների առաջնորդները և ներկայացուցիչները հանդիպել են Բրյուսելում նոյեմբերի 24-ին և ընդունել են համատեղ հռչակագիր:
Ավելի վաղ Twitter-ում ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն ընդունել է հանդիպման արդյունքներով հռչակագիրը:
«Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ընդունել է հռչակագիրը: Շուտով կհրապարակվի Եվրոպական խորհրդի կայքում»,- հայտնել է նա:
Նշենք, որ իր հերթին «Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Յոզվյակը Twitter-ում հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի:
«Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի կամ բողոքի»,- նշել է նա:
Ինչպես նշվում է հռչակագրի տեքստում, գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը:
Գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ հաստատված առանց վիզայի ռեժիմի արդյունավետ իրագործումը և իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնել շարժունակության հարցում համագործակցությունը և հետագա առաջընթացը, և սահմանված ժամկետում դիտարկել Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմանների առկայության, այդ թվում՝ կողմերի միջև վիզայի ազատականացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ իրագործման դեպքում:
ԵՄ-ն կշարունակի յուրաքանչյուր գործընկեր երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ համատեղ քննարկել փոխադարձ առևտրի և ներդրումների խրախուսման գրավիչ և իրատեսական տարբերակները:
Հաշվի առնելով Վրաստանի և Մոլդովայի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրերի դրական ազդեցությունը՝ գագաթնաժողովի մասնակիցները նշել են այդ համաձայնագիրը հնարավորինս կարճ ժամկետներում Ուկրաինայի հետ եզրափակելու կարևորությունը, ինչպես նաև հայտնել են Հայաստանի և Ադրբեջանի հետ նման համաձայնագրերի շուրջ բանակցություններն արագ եզրափակելու վերաբերյալ իրենց աջակցությունը:
Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքների սկզբունքների և նորմերի հիման վրա:
«Հակամարտությունների կարգավորումը, վստահության և բարի դրացիական հարաբերությունների հաստատումը կարևոր են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության համար: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են գործադրվող ջանքերը և ԵՄ-ի ուժեղացված դերը հակամարտությունների կարգավորման և վստահության հաստատման գործում գոյություն ունեցող համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ ի աջակցություն այդ ձևաչափերի և գործընթացների, ներառյալ անհրաժեշտության դեպքում տեղում ներկայության ապահովման միջոցով»,- ասված է հռչակագրում:










