Դատավորին 23 000 դոլար կաշառք տալու մեջ մեղադրվող ամուսիններից կինն իրեն մասամբ մեղավոր ճանաչում է, ամուսինը՝ ոչ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի արդեն նախագահ Աղվան Պետրոսյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սևակ Շհոյանի և Կարեն Մարտիկյանի, Հայկ Կարապետյանի, Մելանյա Գալստյանի, Կամո Գալստյանի, Էդվարդ Չինարյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Խաչատուր Դադոյանի, Արմեն Բարսեղյանի, Վրույր Վարդանյանի, Լաուրա Մարտիրոսյանի քրեական գործով դատաքննությունը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը հրապարակեց 13 ամբաստանյալներից 5-ի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասերը՝ Աղվան Պետրոսյանի, Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, Կարեն Մարտիկյանի և Հայկ Կարապետյանի:
Այսօրվա նիստին դատախազը ներկայացնում է մյուս ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասերը։
Դատախազը ներկայացրեց, որ Մելանյա Գալստյանին և նրա ամուսնուն՝ Կամո Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենց որդու՝ Գոռ Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին տվել են 4000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջինիս կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Գոռ Գալստյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Հետագայում՝ նույն քրեական գործով դատական վարույթի ընթացքում Վարդենիսի բնակիչ Հ. Կարապետյանի միջնորդությամբ Գալստյան ամուսինները տվյալ քրեական գործով նիստը նախագահող դատավորին տվել են 23.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Մելանյա Գալստյանն ասաց, որ մեղադրանքը պարզ էր իր համար և այն ընդունում է մասնակի.«Ես ինձ մասնակի մեղավոր եմ ճանաչում, դատաքննության ընթացքում իմ դիրքորոշումը կհայտնեմ»:
Կամո Գալստյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում.«Մեղադրանքը պարզ էր, բայց ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Դիրքորոշումս կհայտնեմ դատաքննության ընթացքում»:
Դատախազը ներկայացրեց, որ ամբաստանյալ Էդվարդ Չինարյանին մեղադրանքը, համաձայն որի Ձորագյուղ համայնքի 12-րդ փ. թ.9 հասցեում գտնվող Զ. Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար նպաստել է նախագահող Աղվան Պետրոսյանի, ինչպես նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից Զ. Գրիգորյանի ամուսնու՝ Ռ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1մլն 11հզր ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք տալու համաձայնության իրականացմանը։
Չինարյանն ասաց, որ մեղադրանքն ընդունում է մասնակի:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ռոբերտ Գրիգորյանին,ապա նրան մեղադրանք է Ձորագյուղ համայնքի 12-րդ փ. թ. 9 հասցեում գտնվող կնոջ՝ Զ. Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար փաստաբան Էդ. Չինարյանի օժանդակությամբ դատական իշխանության մարմնին և Աղվան Պետրոսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։
Ամբաստանյալ Ռոբերտ Գրիգորյանի մեղադրանքը ներկայացնելուց հետո ամբաստանյալը, պատասխանելով դատավորի հարցին, ասաց. «Մեղադրանքը ոչ լիարժեք եմ համարում, անճշտություններ կան։ Ուրեմն ասեմ, որ իմ հողամասը գնել եմ արդար, իմ քրտինքով, վճարել եմ ոչ կաշառքի տեսքով։ Մի խոսքով՝ զղջում եմ, դժվարանում եմ ասել, հլը չեմ գուշակել, թե իմ մեղքը որն է։ Զղջում եմ, մեղավոր եմ ճանաչում»:
Խաչատուր Դադոյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Դադոյանն ասաց, որ մեղադրանքը պարզ չէ, իրեն մեղավոր չի ճանաչում:
Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ լինելով Դադոյանի տեղակալը, չարաշահել է իր լիազորությունները և էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Նա ևս ասաց, որ մեղադրանքը պարզ չէ, և իրեն մեղավոր չի ճանաչում:
Վրույր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։ Նա ևս ասաց, որ մեղադրանքը պարզ չէ և իրեն մեղավոր չի ճանաչում:
Լարուա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ Լ. Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար ստացել է 450 000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն։
Վերջինս նույնպես իրեն մեղավոր չճանաչեց:
Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց, որպեսզի մեղադրանքները պարզաբանվի, որովհետև ամբաստանյալներից մի մասի համար իրենց առաջադրված մեղադրանքները հստակ չէ: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:










