Amazon-ի ղեկավարի կարողությունը հասել է 100 միլիարդ դոլարի
Amazon ինտերնետային ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 100 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Բեզոսի կարողությունը մեծացել է աշխարհում ամենախոշոր առցանց րիթեյլեր հանդիսացող Amazon-ի բաժնետոսմերի արժեքի աճի շնորհիվ: Դա կապված է ԱՄՆ-ում անցկացվող այսպես կոչված սև ուրբաթի ընթացքում գրանցված վաճառքների բարձր ցուցանիշի հետ: Այդ օրերին խանութներն ավանդաբար մեծ զեղչեր են կազմակերպում:
Անցած ամսվա վերջին 53-ամյա Բեզոսը զբաղեցրել է միլիարդատերերի վարկանշային ցանկում առաջին հորիզոնականը՝ երկրորդ տեղում թողնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսին: Այդ ժամանակ Amazon-ի ղեկավարի կարողությունը գնահատվում էր մոտ 93 միլիարդ դոլար:
Bloomberg-ի տեղեկություններով՝ մինչ այդ 100 միլիարդ դոլարի ցուցանիշին հաջողվել էր հասնել միայն հենց Գեյթսին: Դա տեղի էր ունեցել 1999 թվականին, այժմ նրա կարողությունը կազմում է մոտ 89 միլիարդ դոլար:










