Ինչ է նշանակում ԵՄ-ի հետ Հայաստանի նոր համաձայնագիրը. EUobserver

15:52 • 25.11.17

Երևանին և Բրյուսելին երկու տարի է պահանջվել բանակցությունները վերասկսելու և ևս երկու տարի նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար, EUobserver-ում գրում է Chatham House-ի հետազոտող Անահիտ Շիրինյանը: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած 5-րդ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի և ԵՄ-ն ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այն, ի տարբերություն 2013 թվականին չստորագրված Ասոցացման համաձայնագրի, չի պարունակում ազատ առևտրին վերաբերող կետեր, որոնք այժմ դուրս են Հայաստանի իրավասությունից և մտնում են ԵԱՏՄ-ի իրավասության տակ:


Նոր համաձայնագիրն այսպիսով փոխզիջում է հին Ասոցացման համաձայնագրի և ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունների միջև:


Հեղինակը գրում է, որ Երևանի և Բրյուսելի միջև նոր համաձայնագիրը զգուշորեն հաշվարկվել է 2013 թվականի սցենարի հնարավոր կրկնությունից խուսափելու համար: Մոսկվան ողջ ընթացքում պարբերաբար տեղեկացված է եղել՝ երաշխավորելու համար նրա կողմից առարկությունների բացակայությունը, չնայած, դա այդպես էր նաև տապալված Ասոցացման համաձայնագրի դեպքում, այդ պատճառով լարվածությունն այս անգամ էլ պահպանվել է մինչև համաձայնագրի վերջնական կնքումը:


Համաձայնագիրը նախաստորագրվել է 2017 թվականի մարտին՝ առանց նախնական իրազեկման և համաձայնագրի տեքստը պաշտոնապես հրապարակվել է հոկտեմբերին՝ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ՝ հավանաբար համաձայնագրի բովանդակության վերաբերյալ շահարկումներից խուսափելու համար:


Քաղաքական համատեքստը նույնպես իր դերն է խաղացել: 2013 թվականին Հայաստանն առաջին բախման կետն էր ԵՄ-ի և Ռուսաստանի միջև, որն այնուհետև սրվեց Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:


2017 թվականին արդեն Մոսկվայի կողմից համաձայնագրի ստորագրումն ավելի քիչ սպառնալիք է ընկալվում, քան չորս տարի առաջ:


Քաղաքական առումով՝ և Երևանը, և Բրյուսելը շահում են համաձայնագրի ստորագրումից՝ հասնելով մի փոխզիջումային տարբերակի, որը համատեղում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հետ: Դա Հայաստանին որոշակի չափով տալիս է իր երկար սպասված քաղաքական հավասարակշռությունը, իսկ Բրյուսելը ցույց է տալիս հարմարվողականություն՝ երաշխավորելով, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն կարող են համատեղ գոյություն ունենալ հետխորհրդային տարածքում:


Բացի այդ, նոր համաձայնագրի շնորհիվ Հայաստանը դուրս է գալիս «Արևելյան գործընկերության» «հետմնացող» մասնակիցների՝ Բելառուսի և Ադրբեջանի խմբից, որտեղ այն հայտնվել էր Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ստորագրված Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո:


ՀԸԳՀ-ն այսպիսով մարմնավորում է տարբերակման սկզբունքը, որը ենթադրում է տարբեր մոտեցում իր տարբեր հարևանների հետ ԵՄ-ի հարաբերություններում: Այսպիսով «Արևելյան գործընկերության» ներկայիս ձևաչափը դառնում է ՝ 3+1+2:


Այնուամենայնիվ, Հայաստանի դեպքում հավասարակշռությունը շարունակում է շեղված մնալ դեպի ԵԱՏՄ-ի ուղղությունը, որը կապում է Հայաստանի ձեռքերը երրորդ կողմերի հետ առևտրի շուրջ համաձայնագրերում:


Մինչ ռազմավարական առումով Երևանը ձեռք է բերում որոշակի դիվերսիֆիկացում, ՀԸԳՀ-ի ստորագրումը միայն չի փոխելու Հայաստանի արտաքին քաղաքականությունում ուժերի հավասարակշռությունը: ՀԸԳՀ-ի արդյունքները թաքնված են դրա կյանքի կոչման մեջ: Այն տրամադրում է ԵՄ-ի գործիքներ և գումարներ տարբեր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումները խթանելու համար, գրում է հեղինակը: