Երևանում կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով 4 երիտասարդ է տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ
Նոյեմբերի 26-ին, ժամը 02։30-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 4 երիտասարդ՝ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
ԲԿ-ից հայտնեցին, որ տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։
«Երիտասարդների վիճակն այս պահին լավ է, ունեն գիտակցություն և վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ»,- հայտնեց բաժանմունքի հերթապահ բժիշկը՝ հավելելով, որ երիտասարդներն արդեն ի վիճակի են կատարվածի մասին բացատրություն տալ։
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հրաչ Սարգսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարտիրոսյանը՝ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Ավագյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։










