Կարելի է օրենքը մի քիչ շրջանցել, բայց թքել օրենքի վրա պետք չէ, եթե ուզում եք պետություն ունենալ. Սամվել Բաբայան (տեսանյութ)

12:56 • 27.11.17

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանը, ով ասաց, որ կանդրադառնա «պետական մեղադրողի» մեղադրանքներին։

«Նախ, այն, որ Սանասար Գաբրիելյանը Ղարաբաղ է գնացել «Իգլա»-ն նկարելու ու ուղարկելու, որ վճարեմ և այլն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե Սանասար Գաբրիելյանը հրաժարվել է, եթե ապրանք չկա, ապա ես ինչի՞ն պետք է փող տամ։ Ինչ վերաբերում է «Իգլա»-ին, ապա իմ նախաքննական ցուցմունքում էլ նշել եմ, որ դա հրթիռի մասնիկ է, եթե դրա վրա չկա արձակման մասը, ուրեմն այդ մասնիկը կոչվում է խողովակ, ես հանցանք չեմ կատարել»,– ասաց նա։

Սամվել Բաբայանն անդրադարձավ մեղադրող դատախազ Արամ Արամյանի այն հայտարարությանը, թե «Իգլա» զենիթահրթիռային համալիրի խողովակը Սամվել Բաբայանն ու նրա պաշտպանը ներկայացնում են որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով ասած՝ «տռուբա», սակայն դեռևս նախաքննության փուլում հաստատվել է, որ այն զենիթային հրթիռով համարվում է զինամթերք։ «Առնվազն անհասկանալի է, որ երկար տարիներ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մարդը զենիթահրթիռային համալիրը չի տարբերում անպիտան «տռուբայից»,- ասել էր մեղադրող դատախազը։

«Ասեմ,որ պատերազմի տարիներից, երբ իրենց էր մնացել 24,000 հա տարածք, 12 500 հա տարածքը վերադարձրել եմ ես։ Պատերազմի ժամանակ 19 ինքնաթիռ ու 17 ուղղաթիռ է խոցվել, որից 10–ը էդ «Իգլա»-ով։ Եթե դուք եք ինձ գնահատական տալու,որոշեք ինչ գնահատական տալ»,-մեղադրողին պատասխանեց Բաբայանը։

Սամվել Բաբայանը նաև նշեց, որ դատարանում փորձագետին հարցրել է, թե այդ խողովակը երբ կարող է վնաս հասցնել, փորձագետն ասել է՝ հրդեհի և ուժեղ հարված ստանալու ժամանակ։ «Այնինչ, պետական մեղադրողը ասում է, թե տեղից շարժվելու դեպքում կարող է վնաս հասցնել։ Չի կարելի այդքան խեղաթյուրել, մարդիկ խոտ չեն ուտում»,- ասաց Բաբայանը։

Անդրադառնալով փողերի լվացման մեջ իրեն մեղադրելուն, Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը որևէ հանցանք չի գործել, պարտք է եղել, որը վերադարձվել է։

«Ես կրիմինալ որևէ քայլ չեմ արել,պարտք եմ եղել, ուղարկել եմ և առաջին րոպեից որևէ բան չեմ թաքցրել։ Փողի հարցը եղել է ապրիլին, սեպտեմբերին նոր հարցաքննել են ու ես այդ ընթացքում Հայաստանից չեմ փախել։ Երբ հասկացել են, որ հրթիռով իրենց դիրքերը թույլ են, բերել են պոչիս կապել փողը։ Կարելի է օրենքը մի քիչ շրջանցել, սակայն գլորել, թքել օրենքի վրա պետք չի, եթե ուզում եք պետություն ունենալ, թե չէ Բաբայանը մի տարի ավել կնստի, թե չէ, դա բան չի փոխի»,- ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որևէ հանցանք չի կատարել և մեղադրողին էլ հորդորեց ոչինչ չքաղաքականացնել, որովհետև ի սկզբանե ինքը դեմ է եղել քաղաքականացնելուն։  Մեղադրողն ասաց, որ հիմնավորվում է այն մեղադրանքը, որոնք վերագրվել է ամբաստանյալներին։

Հիշեցնենք,որ մեղադրող դատախազն ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջել է 4 տարի ազատազրկում «Իգլա»-ի ձեռքբերման համար, 4 տարի` փողերի լվացման համար և պահանջել վերջնական 7 տարվա ազատազրկման դատապարտել նրան։